Գեղարքունիքի մարզում ինքնազբաղվածությանն ուղղված նոր դասընթացի մասնակցության հրավեր
ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից և ադրբեջանական հարձակումներից տուժած ընտանիքներին աջակցության իր ծրագրի շրջանակներում, հրավիրում է Ձեզ մասնակցելու ինքնազբաղվածության հմտությունների զարգացման/փոքրածավալ եկամտաբեր ձեռներեցություն հիմնելու և կառավարելու դասընթացին։
Ծրագիրն իրականացվում է Կլոր սեղան հիմնադրամի գործընկեր Diakonie Katastrophenhilfe, Brot für die Welt կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) համագործակցությամբ։
Ծրագրի նպատակը՝
Ծրագրի նպատակն է աջակցել Գեղարքունիքի մարզում (Սևան քաղաք և հարակից գյուղեր) բնակություն հաստատած 2023թ. սեպտեմբերից Արցախից տեղահանված և ՀՀ բնակվող 2020-2022թթ. ԼՂ պատերազմի և ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած (զոհ, անհետ կորած. գերեվարված տան անդամ ունեցող) ընտանիքների սոցիալ-տնտեսական պայմանների բարելավմանը, հնարավորություն ստեղծել զբաղվելու տնտեսական գործունեությամբ և ապահովել ինքնազբաղվածություն, ինչպես նաև նպաստել համայնքային կյանքում նրանց ներգրավմանը։
Ծրագրի նկարագիրը՝
Ծրագրում ընդգրկված անձինք հնարավորություն կունենան`
✓ մասնակցելու ձեռնարկատիրական հմտությունների զարգացման դասընթացների,
✓ կազմելու և ունենալու պատրաստի և մրցունակ բիզնես պլան,
✓ Կլոր սեղան հիմնադրամի կողմից ստանալու ֆինանսավորում և կյանքի կոչելու լավագույն բիզնես գաղափարները։
Ինչպե՞ս դիմել և մինչև ե՞րբ
Հետաքրքրված խմբերը կամ անհատները, ովքեր պատրաստ են մասնակցելու Ծրագրի բոլոր փուլերին և կյանքի կոչելով իրենց բիզնես ծրագիրը՝ դառնալ ինքնազբաղված, կարող են գրանցել իրենց տվյալները հետևյալ կերպ՝
- Զանգահարել ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամ (010) 517196 հեռախոսահամարին,
- Լրացնել սույն հղման հարցաթերթը:
Մասնակցության հայտերն ընդունվում են։
Մեկնարկի ամսաթիվ՝
Ծրագրի մեկնարկը կտրվի 2025թ. ապրիլի 3-ին՝ ժամը 10:00-ին (հասցե՝ ք. Սևան, Ս. Սևանեցի 4ա) Սևանի բիզնես կենտրոնում: