TOEFL-ի դասընթացները հնարավորություն են տալու սիրիահայ երիտասարդներին ընդունվել Հայաստանի ամենահեղինակավոր կրթական հաստատություններ
ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը մեկնարկեց անգլերենի TOEFL-ի (Test of English as a Foreign Language) դասընթացները՝ նախատեսված սիրիահայ փախստական այն երիտասարդների համար (ուսանողներ և շրջանավարտներ), ովքեր ցանկանում են իրենց ուսումը շարունակել Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում, ինչպիսին է Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ):
Երկամսյա այս դասընթացը սիրիահայ երիտասարդներին զինելու է անհրաժեշտ գիտելիքներով, հմտություններով և մեթոդներով՝ TOEFL-ի քննությունը բարեհաջով կերպով հանձնելու համար, որը Հայաստանի ամերիկյան համալսարան և միջազգային մի շարք այլ կրթական ծրագրերին դիմելու պարտադիր պահանջներից մեկն է: Դասընթացը նաև ապահովելու է գործնական հմտություններով անգլերեն լեզվի մասնավոր դասեր տվող սիրիահայ երիտասարդներին և ընդլայնելու է նրանց ուսուցողական դասընթացների շարքը՝ ապագայում տրամադրելու նաև TOEFL-ի մասնավոր դասընթացներ:
Մասնակիցներից ավագ դպրոցի աշակերտ Սերենա Սուլուրիանը, ով ցանկանում է ընդունվել Հայաստանի ամերիկյան համալսարան, նշում է. «Ես նախապատրաստվում եմ ընդունվել Հայաստանի ամերիկյան համալսարան և անհրաժեշտություն ունեի պատրաստվելու TOEFL-ի քննությանը: Այս ծրագրի շնորհիվ այժմ կարող եմ չմտածել դասընթացի ծախսերի մասին և իրագործել նպատակներս»:
«Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագիրը ֆինանսավորում է Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամը, և իրականացվում «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից: Ծրագրի կարողությունների զարգացման բաղադրիչը նպատակ ունի բարձրացնել Հայաստանում սիրիահայ երիտասարդների հմտություններն ու ներուժը, առավել մրցակից դարձնել հայաստանյան աշխատաշուկայում՝ հնարավորություն տալով նրանց հասնելու իրենց աշխատանքային և կրթական նպատակներին:
{gallery}Images/2019/04._April/TOEFL_For_Syrian_Armenians{/gallery}
