Քահանաները գործնականում կկիրառեն սոցիալ-հոգեբանական աջակցության դասընթացից ստացած գիտելիքը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ` 2021 թ. «Օգնություն Արցախին» ծրագրի շրջանակում ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը նախաձեռնել է սոցիալ-հոգեբանական աջակցությանը նվիրված կարողությունների զարգացման ծրագիրը: Նպատակն է, որպեսզի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականները և սոցիալական աշխատողներն ավելի արհեստավարժ կարողանան ամոքել պատերազմի հոգետրավմաները և ավելի լայնածավալ ու արդյունավետ ծառայություն մատուցեն Արցախյան պատերազմից տուժած տեղաբնակ, տեղահանված և հատկապես զոհված, հաշմանդամ կամ գերեվարված զավակ ունեցող ընտանիքներին, ովքեր գտնվում են ծանր հոգեբանական վիճակում:
Այդ կապակցությամբ մարտի սկզբին ժամանակահատվածում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում կազմակերպվեց եռօրյա առկա դասընթաց` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արարատյան Հայրապետական, Արմավիրի, Մասյացոտնի, Գեղարքունյաց, Շիրակի, Գուգարաց, Տավուշի, Արթիկի, Կոտայքի թեմերում ծառայող քահանաների, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ-ի գնդերեցների մասնակցությամբ, ովքեր դասընթացի արդյունքը բավականին բարձր գնահատեցին` ընգծելով հատկապես դասընթացավարի` հոգեբան Դավիթ Գևորգյանի մասնագիտական համապատասխան գիտելիքներն ու հմտությունները: Զրույցի ընթացքում քահանա հայրերը նշեցին, որ հոգևորականը ևս կարիքն ունի հոգեբանական նման գիտելիքներով զինվելու, որոնք քրիստոնեական լույսի ներքո միացնելով աստվածաբանական իրենց գիտելիքներին` գերազանց արդյունք կստանան համայնքի անդամներին աջակցություն ցուցաբերելիս:Արմավիրի թեմում ծառայող Տ. Ահարոն քհն. Գրիգորյանն ասաց. «Լավ գործիքը մասնագետի ձեռքում հրաշքներ է գործում. հաշվի առնելով մեր անցած ծառայողական փորձը՝ դրանց կիրառումը գրեթե ամեն օր մեզ անհրաժեշտ է ավելի արդյունավետ ու օգտակար ծառայություն իրականացնելու համար»:

Կարևոր էր հատկապես հոգեբանական վիճակի փուլերի ճանաչումն ու մարդուն ապրումակից լինելու գաղափարի շեշտադրումը և ապրումակից լինելով հանդերձ` մարդուն օգնության հասնելը: Գեղարքունյաց թեմում ծառայող Տ. Գևորգ քհն. Տեր-Բարսեղյանn ընդգծեց. «Մի ոտքդ ամուր հողի վրա, իսկ մյուս ոտքդ դեպի ճահիճ` ձեռք մեկնելու և դիմացինին այնտեղից դուրս բերելու նպատակով»: Նրա խոսքով՝ դա քահանայի գործունեության ամենակարևոր կետերից մեկն է:

Թեմաների ընտրությունը գործնական էր և համապատասխան, տալիս էր խնդիրների ընդհանուր պատկերն իր նրբություններով: Դասընթացը պարունակում էր բավականին մեծ ծավալի նյութ, որի յուրաքանչյուր թեման և ենթաթեման խիստ կարևոր համարեցին քահանա հայրերը` նշելով, որ իրենց առօրյայում ակամայից պրակտիկ գործածում են հոգեբանությունը, սակայն այս հանգամանալից սեմինարը հստակեցրեց յուրաքանչյուր արվող քայլ` իրենից բխող արդյունքներով:
Քահանաները ստացած գիտելիքները շատ օգտակար համարելով` պատրաստվում են իրենց հովվության ներքո գտնվող համայնքներում կիրառել համապատասխան դեպքերի հետ աշխատելիս:
Իր հերթին Դավիթ Գևորգյանը խիստ կարևորեց սոցիալ-հոգեբանական աջակցությանը նվիրված դասընթացի անհրաժեշտությունը քահանաների համար, քանի որ Հայաստանում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ յուրաքանչյուր քահանա աշխատանք է տանում ոչ միայն իր հովվության ներքո գտնվող համայնքի սովորական առօրյա խնդիրներ ունեցող անդամների, այլ նաև պատերազմի հետևանքով տուժած անձանց հետ, իսկ դա նշանակում է, որ հնարավոր չափ մասնագիտական մոտեցումն անհրաժեշտություն է:

Մասնագետը կարևորեց հատկապես դասընթացի ընթացքում քահանաների ցուցաբերած ակտիվ մասնակցությունն ու հետաքրքրվածությունը:


