«Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում մեկնարկեց մասնագիտական պրակտիկան
«Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում մեկնարկել է 2-ամսյա մասնագիտական վճարովի պրակտիկա՝ հայաստանյան բուհերում ուսանող 15 սիրիահայ երիտասարդների համար։ Ծրագիրն իրականացնում է «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը («ՀԱԼԵՊ» ՀԿ)՝ ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ:
Երիտասարդներն ընտրվել են համալսարանում իրենց առաջադիմության, ակտիվության և նախաձեռնողականության, ծրագրերի իմացության և մոտիվացիոն նամակների հիման վրա։ Մասնակիցները ՀՀ պետհամալսարանների տնտեսագիտություն և կառավարում, տեղեկատվական տեխնոլոգիաներ, Ճարտարապետություն և դիզայն, hաղորդակցություն, ստոմատոլոգիա, իջազգային հարաբերություններ, ծրագրային ճարտարագիտություն ֆակուլտետների ուսանողներ են: Մասնագիտական պրակտիկայի հիմնական նպատակն է կատարելագործել բուհերի ուսանողների և նորավարտ երիտասարդների հմտություններն ու կարողությունները, ընդլայնել գիտելիքն իրենց մասնագիտական ոլորտում, հնարավորություն տալ ձեռք բերել աշխատանքային փորձ, ինչպես նաև ծանոթանալ աշխատանքային միջավայրին:
«ՀԱԼԵՊ» ՀԿ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում երիտասարդներն իրենց մասնագիտական պրակտիկան անցնում են Ակբա Կրեդիտ Ագրիկոլ և Կոնվերս բանկերում, «Դիջիլաբ» ընկերությունում, Աշն Փրոջեքթս և Արխանգել ճարտարապետական ստուդիաներում, Երևանի ստոմատոլոգիական կենտրոններից մեկում, «ՀԱԼԵՊ» ՀԿ-ում, Բիզնես էնջելս նեթուորք և Գլոբալ Ար ՏՏ ընկերություններում։
Ծրագիրը, Կլոր սեղան հիմնադրամի աակցությամբ, վերջին մեկ ու կես տարում ավելի քան 280 սիրիահայ և տեղաբնակ երիտասարդների հնարավորություն է ընձեռել զարգացնել իրենց նեղ մասնագիտական գիտելիքն ու հմտությունները, բարձրացնել աշխատունակությունը և մասնակցել երիտասարդական տարբեր ոլորտներին վերաբերող միջոցառումների և հանդիպումների:
«Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագիրը ֆինանսավորվում է Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի կողմից և իրականացվում «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի հետ համագործակցությամբ: Ծրագրի կարողությունների զարգացման բաղադրիչի նպատակն է բարելավել սիրիահայ երիտասարդների հմտություններն ու մրցունակությունը հայաստանյան աշխատաշուկայում և հնարավորություն տալ՝ հասնելու իրենց աշխատանքային նպատակներին: