Սիրիահայ երիտասարդների նախատոնական այցը Գյումրի
ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագիրն ամփոփում է տարին: Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ, երիտասարդներն այցելեցին Գյումրիի «Թռչունյան Տուն» կրթահամալիր-մանկատուն և «Երեխաների Տուն» հատուկ կարիքներով երեխաների մանկատուն: Երիտասարդները երեխաներին հաղորդեցին Սուրբ Ծնունդի խորհրդի կարևորությունը, նրանց հետ պատրաստեցին ամանորյա զարդեր, երգեր կատարեցին և բաժանեցին քաղցր նվերներ:
Այցի երկրորդ օրը երիտասարդները շրջայց կատարեցին ձմեռային Գյումրիի տեսարժան վայրերով, տեղեկացան քաղաքի պատմամշակութային կարևորության և ֆոլկլորի առանձնահատկությունների մասին, ինչպես նաև պատիվ ունեցան հյուրընկալվելու և օրհնություն ստանալու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի կողմից: Սրբազան Հայրը երիտասարդների հետ մտերմիկ զրույցում հետաքրքրվեց նրանց մասին՝ Սիրիայում և Հայաստան տեղափոխվելուց հետո, իսկ մոտեցող տոների խորհրդի մասին խոսելիս Սրբազան Հայրը հատկանշական համարեց այն, որ Սուրբ Ծնունդով հայ եկեղեցին մեկնարկում է տարին, այլ ոչ թե ամփոփում, ինչն իմաստավորում է նոր սկսվող տարին:
«Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագիրը ֆինանսավորվում է Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի կողմից և իրականացվում «Հալեպ» հայրենակացական բարեսիրական հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ:
{gallery}Images/2018/12_December/Syrian-Armenian_Youth_in_gyumri{/gallery}

