Մեկնարկեց «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ փառատոնը
Ֆրեսկո արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի փառատոնն այս տարի անցկացվում է յուրահատուկ ձևաչափով: Մեկնարկը տրվել է Տավուշի բերդ քաղաքում: Փառատոնին մասնակցելու համար այս տարի 3000-ից ավելի հայտ է ներկայացվել 85 երկրից: Նրանցից 65-ի հաջորդ 10 օրվա ընթացքում կցուցադրվի Երևանի Սուրբ Աննա Եկեղեցու բակում: Ֆիլմերին զուգահեռ կազմակերպվելու են նաև քննարկումներ կանանց իրավունքների, ընտանիքում բռնության կանխարգելման և հասարակական ու սոցիալական այլ թեմաներով:

«Բերդը»՝ Բերդում: Այդպիսի խորհրդանշական նախաձեռնությամբ մեկնարկեց այս տարվա «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի փառատոնը: Միջոցառումն արդեն յոթերորդ անգամ է հրավիրում դիտելու և քննարկելու հոգևոր արժեքներ, մշակութային ճաշակ, սոցիալական և կենցաղային տարատեսակ խնդիրներ վերհանող ֆիլմեր և միջոցառումներ: Այս տարի փառատոնը տևելու է մինչև սեպտեմբերի 1-ը:

Աննա Կարապետյան, «Ֆրեսկո» փառատոնի գեղարվեստական ղեկավար — Հուլիսյան դեպքերից հետո մենք որոշեցինք հենց սահմանամերձ Բերդում անել և մշակութային եռուզեռը, ոգևորությունը փոխանցել տավուշցիներին՝ հենց Բերդում:

Կարեն Գևորգյան, «Բերդ» պարային անսամբի գեղարվեստական ղեկավար — Մենք արդեն շուրջ 60 տարի է՝ մեր դարպասները ամուր ենք պահում և չենք թողնում՝ օտար շարժում, օտար խաղացանկ մտնի մեր անսամբլի խաղացանկում: Այնպես էլ այս սարերն են ամուր բերդի նման, և կարծում եմ՝ իսկապես խորհրդանշական է «Բերդ» պարային անսամբլը Բերդ քաղաքում: Եվ եթե անկեղծ ասեմ՝ դուք պետք է տեսնեիք մեր պարողների ու պարուհիների ոգևորությունը, երբ նրանք իմացան, որ գալու են Բերդ:
«Ֆրեսկոյի» շրջանակում այս տարի Հայաստանի էկրան են բարձրանալու 23 երկրի ներկայացուցիչների ֆիլմեր: Միջոցառումն անցկացվում է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ինչպես նաև «Կլոր սեղան» հիմնադրամի աջակցությամբ: Վեհափառ Հայրապետն ուղերձում հատկապես կարևորել էր փառատոնի հոգևոր բնույթը:

Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյան, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ — Փառատոնը կարևոր իրադարձություն է: Այն համախմբում է երիտասարդներին՝ հոգևոր արժեքներ սերմանող ժամանակակից արվեստը ճանաչելու, միմյանց մշակույթին և արվեստին հաղորդակից լինելու, բարեկամության ոգին զորացնելու, մշակութային երկխոսությունը խթանելու:

Փառատոնի ընթացքում ֆիլմերի ցուցադրություններից, ֆիլմերի հեղինակների և այլ հոգևոր փառատոների մասնակիցների հետ թեմատիկ քննարկումներից բացի նախատեսված են այլ մասշտաբային մշակութային միջոցառումներ ևս: Համերգներ են կայանալու Հայաստանի պարի պետական անսամբլի մասնակցությամբ, հատուկ համերգով նշելու են Ռուբեն Հախվերդյանի 70-ամյակը, նաև լինելու է Ջիվան Գասպարյանի և ընկերների համերգը:
{gallery}Images/2020/08.August/Fresco_2020{/gallery}




