Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ ևս 40 սիրիահայ ավարտեց մասնագիտական դասընթացը
Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի (ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան) ֆինանսավորմամբ շարունակվում են սիրիահայերի մասնագիտական դասընթացները՝ «Արտ հաուս» ուսումնական կենտրոնի և «Հալէպ» ԲՀԿ-ի հետ սերտ համագործակցությամբ: Ծրագրի շրջանակներում 40 սիրիահայ երիտասարդներ և կանայք տիրապետում են վարսահարդարի, դիմահարդարի, մատնահարդարի, սեղանի ձևավորման և տորթերի պատրաստման/ձևավորման, ինչպես նաև` հագուստի մոդելավորման և կարի մասնագիտական որակավորման հմտություններին: Հայկական Կարիտասը ծրագրի շահառուներին տրամադրում է աշխատանքային գործիքներ առաջին մասնագիտական քայլերն անելու նպատակով: Դասընթացի ֆինանսավորումն իրականացվել է շվեցարական FONDATION POUR L’AIDE AU PROTESTANTISME RÉFORMÉ (F.A.P.) կազմակերպության տրամադրած դրամաշնորհի միջոցով: Մասնագիտական կարողությունների զարգացման շնորհիվ նրանք կկարողանան ունենալ սեփական եկամուտ՝ կարիքները հոգալու և Հայաստանում արժանապատիվ կյանք ունենալու համար:
Անի Պլազա հյուրանոցի Նաիրի դահլիճում կայացած միջոցառմանը ներկա էին Սփյուռքի նախարարության, հայկական Կարիտասի, GIZ հայկական գրասենյակի և հայաստանյան Կլոր սեղանի աշխատակիցներ: Մասնագիտական դասընթացների մասնակից 40 սիրիահայ կանայք և երիտասարդներ ներկայացրեցին իրենց գործնական գիտելիքի առաջին արդյունքները՝ ցուցադրելով իրենց իսկ ձեռքով պատրաստված մոդելների, ինչպես նաև՝ սուրճի ընդմիջման համար պատրաստված սննդի ողջ տեղականին: Դասընթացներն իրականացրել է «Արտ Հաուս» ուսումնական կենտրոնը: Նախաձեռնությունը կյանքի է կոչվել Կլոր սեղան հիմնադրամի` Արտակարգ իրավիճակների արձագանքման ծրագրերի շրջանակում և մաս է կազմում «Սիրիահայ փախստականների կենսապայմանների բարելավում» ծրագրի:
«Սիրիահայերին աշխատանքով ապահովելը կարևոր խնդիր է, որի լուծմանն է ուղղված մեր ծրագրերի մի մասը: Այսօրվա միջոցառումն առիթ է ամփոփելու կատարած աշխատանքը: Այս դասընթացների շնորհիվ ավելի քան 170 սիրիահայ կանայք և երիտասարդներ հնարավորություն են ունեցել իրենց գիտելիքի շնորհիվ ձեռք բերել մասնագիտություններ, գումար վաստակել և բարելավել իրենց կենսապայմանները Հայաստանում»,-ասաց ծրագրի պատասխանատու Ալլա Սարկիսովան:
«Մենք այսօր սերմեր ենք ցանել, որոնց պտուղները կվայելեք հետագայում, կարևորը աշխատասիրությունն է, իսկ աշխատանք միշտ կա: Այս մասնագիտություններով սիրիահայերը կարող են վաստակել և՛ Հայաստանում, և՛ արտերկրներում»,- նշեց «Արտ Հաուս» կենտրոնի տնօրեն Լիլիթ Կարապետյանը:
Դասընթացի մասնակիցները նշեցին, որ ստացած գիտելիքով կփորձեն աշխատանք գտնել Հայաստանում և մնալ այստեղ` կառուցելով իրենց ընտանիքի ապագան: 2015թ. Անցկացված տարբեր դասընթացների մասնակիցներից Լենա Շամլյանը շեշտեց, որ ինքն ու քույրն արդեն ունեն աշխատանք և մշտական պատվերներ են կատարում տարբեր կազմակերպությունների համար:
Ծրագրի կարևոր բաղադրիչն է նաև սիրիահայ փախստականների սոցիալ-հոգեբանական աջակցությունը, որն իրականացվում է Հայ Առաքելական Եկեղեցու աջակցությամբ: Սիրիահայերի հետ աշխատում է Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Սուրբ Զորավոր Մարիամ Աստվածածին Եկեղեցում: Մեծահասակներն և երեխաները հաճախում են պատարագների ու ժամերգությունների, եկեղեցու սպասավորների հետ կիսում իրենց հոգսերը, ստանում խորհրդատվություն, մասնակցում տարբեր միջոցառումների, ուխտագնացությունների, ստանում հոգևոր և նյութական աջակցություն:
Լուսանկարները՝ Սուրեն Նազարյանի:
{gallery}Images/2018/07._July/Syrian_Armenians-graduation{/gallery}


