Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ ՀԵՀԵՄ գրասենյակում անցկացվեց «Համացանցային մարտահրավերներ» դասընթացը
Մարտի 31-ին Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) Գրասենյակում ԵՀԽ Հայաստանյան Կլոր Սեղան հիմնադրամի նախաձեռնությամբ և աջակցությամբ անցկացվեց «Համացանցային մարտահրավերներ» թեմայով դասընթացը։ Միջոցառմանը մասնակցում էին Երևանի տարբեր բուհերի ուսանողներ և ՀԵՀԵՄ թեմական երիտասարդներ։ Դասընթացն ուղղված էր երիտասարդների կարողությունների զարգացմանը և անցկացվում էր «Կրթական, մասնագիտական և ֆինանսական աջակցություն սիրիահայ, արցախահայ և տեղաբնակ ուսանողների համար» ծրագրի շրջանակներում։

Դասընթացի բանախոսներն էին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Համացանցային ծառայությունների գրասենյակի տնօրեն Տ․ Համբարձում քհն․ Դանիելյանը՝ «Սոցիալական կայքերը և դրանցից օգտվելու գրագետ միջոցները» թեմայով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համակարգչային բաժնի պատասխանատու, ԵՀԽ Հայաստանյան Կլոր Սեղան հիմնադրամի IT պատասխանատու, մեդիափորձագետ Լիլիա Թոթոլյանը՝ «Կիբերանվտանգություն և կիբերհիգիենա» թեմայով և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական կայքի խմբագիր և SMM մասնագետ Շահանե Հարությունյանը՝ «Մեդիագրագիտություն» թեմայով։ Բանախոսներն իրենց դասընթացը բաժանել էին տեսական մասի և խմբային աշխատանքի։

Ինտերակտիվ միջոցառման ընթացքում երիտասարդներն իրենց հուզող հարցերը տվեցին՝ մեդիատիրույթում ճիշտ կողմնորոշվելու նպատակով, ծանոթացան մեդիագրագիտության գործիքներին։ Վերջում նրանք ներկայացրեցին իրենց խմբային աշխատանքները։

Աղբյուրը՝ ՀԵՀԵՄ կայք:
Լուսանկարները՝ ՀԵՀԵՄ-ի:
{gallery}Images/2023/03-March/31-03-23-HEHEM{/gallery}


