Կայացավ «Ամուր ընտանիքն ամուր թիկունք է» կարգախոսով առցանց դասընթացը
ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի (ՀԿՍ) նախաձեռնությամբ հոկտեմբերի 30-ին կայացավ «Եկեղեցու պայքարն ընտանեկան բռնության դեմ և տղամարդկանց ներգրավումը դրա կանխարգելման համար» ծրագրի շրջանակում նախատեսված երկօրյա դասընթացներից առաջինը: Այն նախատեսված էր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արարատյան Հայրապետական, Արագածոտնի, Արմավիրի, Շիրակի, Տավուշի, Գուգարաց, Գեղարքունյաց, Արթիկի, Կոտայքի թեմերում և ՀՀ ԶՈՒ-ում իրենց հոգևոր ծառայությունը մատուցող քահանաների և սոցիալական աշխատողների համար: Հաշվի առնելով Կորոնավիրուսի համավարակը՝ դասընթացը տեղի ունեցավ առցանց: Դասընթացավարներն էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը և Բ.Գ.Թ., ՀՀ ԱՆ Առողջապահության Ազգային Ինստիտուտի տնօրենի գլխավոր խորհրդական, ԵՊԲՀ-ի Հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնի դոցենտ Կարինե Սարիբեկյանը:

Արցախի պատերազմական և ՀՀ-ում համավարակի ու պատերազմի հետևանքով առաջացած ծայրահեղ գերլարված դրությամբ պայմանավորված` օնլայն դասընթացը ստացել էր «Ամուր ընտանիքն ամուր թիկունք է» կարգախոսը և ուղղված էր «Ծնողավարության գործընթացում տղամարդկանց ներգրավվածության դերը և դրա ազդեցությունը», «Գենդերային հիմնախնդրի ընդհանուր հարցեր», «Անդրադարձ խտրական վերաբերմունքի դրսևորումներին հայ իրականության մեջ», «Անտեսանելի պատերազմ՝ մարտահրավերներ ընտանիքի համար COVID-19 համավարակի պայմաններում», «Ընտանիք և պատերազմ․ հովվական խնամքի հիմնական սկզբունքները Հայ Եկեղեցու տեսանկյունից» թեմաների քննարկմանը:

Դասընթացի մասնակիցները հետագայում իրենց համայնքներում պետք է ծավալեն ընտանեկան բռնության կանխարգելմանը նվիրված գործունեություն` կազմակերպելով միջոցառումներ, դասընթացներ, խորհրդատվական հանդիպումներ երիտասարդների, նորապսակ զույգերի, ՀՀ ԶՈՒ-ի պայմանագրային և ժամկետային զինծառայողների մասնակցությամբ` կարևորելով հատկապես տղամարդկանց ներգրավվածությունը, քանզի տղամարդկանց իրազեկության մակարդակի բարձրացումը հենց այն գլխավոր բանալին է, որի միջոցով հնարավոր է լինում կանխարգելել ընտանեկան բռնությունը: Մասնակիցներն իրենց համայնքներում հատուկ աշխատանքներ կտանեն նաև համավարակի ու պատերազմի հետևանքով առաջացած սթրեսային և լարված իրավիճակներից ազատման ու ամոքման ուղղությամբ:

Արդեն մեկ տասնամյակ ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համագործակցությամբ իրականացնում է Հայաստանում ընտանեկան բռնությունների կանխարգելմանն ուղղված ծրագրեր: Դրանց շրջանակում շարունակական վերապատրաստումներ են անցկացվում Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականների և աշխարհիկ սոցիալական աշխատակիցների համար, որպեսզի նրանք իրականացնեն ընտանիքում բռնության առաջնային կանխարգելում` բարձրացնելով մարդկանց իրազեկությունը համայնքներում և ՀՀ բանակում, ինչպես նաև տրամադրելով անհատական, զույգի և ընտանեկան խորհրդատվություն:
Դասընթացն անցկացվում է Եվրամիության ֆինանսավորմամբ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և «ՄԱԿ-Կանայք» կառույցի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» եռամյա ծրագրի շրջանակներում։ «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության» ծրագրի ընդհանուր նպատակն է ամրապնդել կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքներն ու հնարավորությունները՝ կանանց ու տղամարդկանց դերերի հանրային ընկալումները փոխելու, գենդերային կարծրատիպերը հաղթահարելու և երեխաների խնամքի ու կենցաղային պարտականությունների իրականացման մեջ տղամարդկանց մասնակցությունը մեծացնելու միջոցով։ Հայաստանում ծրագիրն իրականցնում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը Եվրամիության թիրախ երեք մարզերում՝ Շիրակ, Լոռի, Տավուշ։
{gallery}Images/2020/10_October/UNFPA-domestic{/gallery}


