«Ընտանիքիս հետ» միջոցառումը՝ Տավուշի թեմում
Տավուշի թեմը տոնախմբեց ընտանիքի միջազգային օրը։ Գետահովիտ համայնքում «ՏԱՀՈՒՅՍ» սոցիալ-կրթական ՀԿ-ի պատասխանատու Մերի Առաքելյանի նախաձեռնությամբ իրականացավ «Ընտանիքիս հետ» միջոցառումը՝ մասնակցությամբ Տավուշի մարզի տարբեր բնակավայրերից ժամանած ընտանիքների և ՏաՈՒժ թիմի։

Միջոցառումն իրականացավ Տավուշի թեմի առաջնորդ Բարձրաշնորհ Տ. Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի օրհնությամբ և մասնակցությամբ: Օրվա խորհուրդը ներկայացրեց Բարեշնորհ Թովմաս Սարկավագ Առաքելյանը, իսկ հետո հրավիրեց «Հայրը» խորագրով ֆիլմը դիտելու և քննարկելու: Արժանապատիվ Տ. Աբել քահանա Քարտաշյանն անդրադարձավ «Ընտանիք․պատասխանատու հայրություն, ծնողավարում և պատասխանատու զավակ» թեմաներին՝ շեշտադրելով նշյալի կարևորությունը և ընտանեկան բարեկեցության և Հայրենիքի անսասանության համար:

Մարմնամարզության ուսուցիչ Մհեր Պետրոսյանի ղեկավարությամբ իրականացվեցին «Ծնողներս ինձ թևեր են տալիս հաղթահարելու բոլոր դժվարությունները» խորագրով սպորտային խաղերը` մասնակցությամբ երեխաների և նրանց ծնողների ու բարեկամների:

Համայնքի անդամներն իսկապես ունեին նման միջոցառման կարիք, որն օգնեց գոնե մի պահ մոռանալ առօրյա խնդիրներն ու տրվել ընտանեկան միասնական երջանկության բերկրանքին:

Մասնակիցների ոգևորությունն անսպառ էր:
Միջոցառումն իրականացավ «Գենդերային հավասարության և պատասխանատու ծնողավարության մասին իրազեկվածության բարձրացում՝ ի նպաստ ընտանեկան բարեկեցության» ծրագրով՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ԵՀԽ Հայաստանյան Կլոր Սեղան հիմնադրամի համագործակցության շրջանակներում։

Ծրագրի նպատակն է համայնքներում նպաստել ընտանեկան բռնության կանխարգելմանը՝ գենդերային հավասարության և պատասխանատու ծնողավարության մասին իրազեկվածության բարձրացմամբ։

Ծրագիրն իրականացվում է «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և համատեղ իրականացվում «ՄԱԿ Կանայք»-ի ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից:
Բովանդակության համար պատասխանատվություն են կրում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը և «ՄԱԿ Կանայք»-ը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
{gallery}thumbnails/images/Images/2023/05_May/29-05-23-_Tavush-Laura{/gallery}





