Զինծառայողների հոգևոր և հոգեբանական կայունության ապահովում
ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ ու ֆինանսավորմամբ արդեն երրորդ տարին անընդմեջ տեղի է ունենում գնդերեցների վերապատրաստման դասընթացը:
ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդության գնդերեցներն առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի գլխավորությամբ աղոթական հոգով ամփոփեցին 2019 թվականի երկրորդ եռամսյակում Հայոց բանակին ու զորականին իրենց մատուցած ծառայությունները։ Ժողովին ներկա էին Հնդկահայոց հոգևոր հովիվ, նախկին ՀՀ ԶՈՒ հոգևոր փոխառաջնորդ Տ. Մովսես վարդապետ Սարգսյանը, ԳՀՃ տեսուչ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը և Հայաստանի աստվածաշնչային ընկերության ծրագրերի պատասխանատու Արշավիր Գաբուջյանը։
Դասընթացը վարեց ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնի տնօրեն, հոգեբան-փորձագետ Դավիթ Գևորգյանը: Նա ի մի բերեց մասնակիցների ստացած գիտելիքներն այս ոլորտում, խոսեց զինծառայողի հոգեվիճակի յուրահատկությունների, ագրեսիվ վարքի սոցիալ-հոգեբանական գործոնների և ներհոգեկան մեխանիզմների, խարանավորման հատկանիշների, բռնության և խոշտանգման հոգեբանական հետևանքների, հոգեբանական տրավմաների,հոգետրավմայի և դրա հետ կապված աշխատանքների և այլ թեմաներով:
Թեմատիկ զեկույցներն ուղեկցվեցին բուռն քննարկումներով քանի որ առավել արդիական են ու անհրաժեշտ զինվորի և բանակում տիրող բռնությունների պարագայում։ Դասընթացի ընթացքում բանակում սպասավորող հոգևորականները նաև լսեցին կրոնագետ Վարդան Խաչատրյանի ներկայացրած ‹‹Հոգևոր գործոնը ռազմական համակարգերում›› բանախոսությունը:
Գնդերեցները կարևորեցին իրենց ամենօրյա ծառայության մեջ նմանօրինակ վերապատրատման անհրաժեշտությունը: Նրանք աղոթքի և խոկման շուրջ համախմբվեցին հանուն հայ զորականի հոգեկերտվածքի ամրության և անխոցելիության։
{gallery}Images/2019/06_June/Clergy_Training{/gallery}
