«Երիտասարդները հանուն բնապահպանության» ծրագիրը Գայ համայնքում
ՀԿՍ-ն աջակցում է «Երիտասարդները հանուն բնապահպանության» ծրագրի իրականացմանը, որի նպատակն է՝ բարձրացնել բնակչության իրազեկվածությունը շրջակա միջավայրի խնդիրների վերաբերյալ և նպաստել համայնքներում բնապահպանական մտածելակերպի ձևավորմանը ու մաքրության պահպանմանը:
ՀԱԵ Արմավիրի Թեմի Գայ գյուղի «Սուրբ Նշան» սոցիալական կենտրոնում իրականացվող «Երիտասարդները հանուն բնապահպանության — Գայ» ծրագրի շրջանակներում 80 շահառուներ ձեռք են բերում շրջակա միջավայրի պահպանության համար անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ: Կենտրոնում կազմակերպվել են բնապահպանական թեմաներով հանդիպում-քննարկումներ, որոնք իրականացնում են ՀՊՄՀ դասախոսներ՝ կենս. գիտ. թեկն., աշխ. գիտ. դոկտ., պրոֆ. Կ. Դանիելյանը, կենս. գիտ. դոկտ., պրոֆ. Վ. Հովհաննիսյանը, մանկ. գիտ. թեկն., դոց. Լ. Ավանեսյանը: Գայ գյուղում և հարակից Ապագա և Արաքս գյուղերում կազմակերվում են հանդիպում-քննարկումներ կլիմայի փոփոխության մեղմացման, վերականգնվող էներգետիկայի, էներգախնայողության, արևային էներգիկայի օգտագործման վերաբերյալ, որոնք իրականացրել է «Շտիգեն» կազմակերպության մասնագետ Ա. Աղաջանյանը:

Շահառուները հավաքել և տեսակավորվել են տարբեր թափոններ, որոնցից պատրաստել են պիտանի կենցաղային իրեր, հուշանվերներ, զարդեր՝ երկրորդ կյանք տալով չօգտագործվող կենցաղային իրերին: Արտադրած ապրանքատեսականու լուսանկարները «Էկո նվեր» բրենդի անվանման տակ տեղադրվել են ապրանքի առաջխաղացման համար ստեղծված Ֆեյսբուք և Ինստագրամ սոցիալական կայքերում:

Ծրագրի մասնակից 35 դպրոցահասակ երեխաների համար իրականացվել է բնապահպանական թեմայով «Իմ երազանքի կանաչ մոլորակը» մրցույթը: Մրցույթի ժամանակ երեխաները գրել են շարադրություն իրենց երազած բնակավայրի մասին, նկարել են այն և պատրաստել են կոլլաժներ: Գայ գյուղի «Սուրբ Նշան» սոցիալական կենտրոնի տանիքին տեղադրվել է 5,2 կՎտ հզորությամբ արևային վահանակների համակարգ:
{gallery}Images/2020/02_February/Environment_in_Gai_Centre{/gallery}


