Դասընթացներ՝ «Ոսկե սերունդ» ճամբարի երիտասարդների համար՝ Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ
Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան (ԵՀԽ ՀԿՍ ) հիմնադրամի երիտասարդների կարողությունների զարգացման ծրագրի շրջանակում կազմակերպվել էր դասընթաց՝ «Առաջնորդություն. Հիսուս Քրիստոս՝ կատարյալ առաջնորդ» և «Կիբերանվտանգություն և կիբերհիգիենա» թեմաներով:
Դասընթացի մասնակիցները «Միասին» համահայկական ՀԿ-ի՝ ԵՀԽ հայաստանյան Կլոր Սեղան հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ հունիսի 30-ից հուլիսի 5-ը Ծաղկաձորում կազմակերպվող «Ոսկե սերունդ» սոցիալ-կրթական ամառային հնգօրյա ճամբարի ուսանող երիտասարդներն էին: Նրանք ճամբարում պրակտիկա անցնելու միջոցով զարգացնելու են իրենց մասնագիտական հմտություններն ու կարողությունները:
«Միասին» ՀԿ-ի նախագահ Գևորգ Չիչյանն առանձնակի կարևորեց երիտասարդական ներուժի ներգրավումը ծրագրում: «Միասին» ՀԿ-ի ծրագրերի խորհրդատու Սիրվարդ Համբարյանը ներկաներին հանգամանալիորեն ներկայացրեց ճամբարի նպատակներն ու ակնկալվող արդյունքները, ինչպես նաև ծանոթացրեց ծրագիր-ժամանակացույցին:
«Դիալոգ» ՀԿ-ի հոգեբան Արմինե Վահանյանը հանդես եկավ ինտերակտիվ դասախոսությամբ՝ երիտասարդներին ուղղորդելով, թե ճամբարային օրերին տարեցների հետ աշխատանքում նրանց հոգեբանական ինչ առանձնահատկությունների հատկապես ուշադրություն դարձնեն:
Ապա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական ծառայության կենտրոնի տնօրեն Արժանապատիվ Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը Տերունական աղոթքից հետո «Առաջնորդություն. Հիսուս Քրիստոս՝ կատարյալ առաջնորդ» թեմայով դասախոսության ընթացքում ներկայացրեց առաջնորդության դասական և ժամանակակից տեսությունները: Դասընթացի հիմնական նպատակն առաջնորդության էության և թիմի կառուցման (Leadership and team building) քրիստոնեական սկզբունքների ներկայացումն է:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համակարգչային բաժնի պատասխանատու, ԵՀԽ Հայաստանյան Կլոր Սեղան հիմնադրամի IT պատասխանատու, մեդիափորձագետ Լիլիա Թոթոլյանը ներկայացրեց «Կիբերանվտանգություն և կիբերհիգիենա» դասընթացը, որի ընթացքում երիտասարդներին ծանոթացրեց համացանցի անվտանգության կանոններին և ապահով համացանց ունենալու նախադրյալներին:
«Ոսկե սերունդ» ճամբարի երիտասարդ շահառուները դասընթացավարներին հղեցին իրենց հետաքրքրող հարցերը և ստացան բովանդակային պատասխաններ:
Դասընթացներն իրականացվել են ՀԿՍ եռամյա գործողությունների ծրագրի շրջանակում՝ «Հաց աշխարհի համար» (Brot für die Welt) կազմակերպության հետ համագործակցությամբ:
Տեքստը՝ ըստ miasin.am-ի: