Գեղարքունյաց թեմի ուխտավորները՝ Էջմիածնում և Երևանում
Գեղարքունյաց թեմի համայնքային–կրթական կենտրոնը իր կենտրոնի շահառուների հայրենաճանաչողության, հոգևոր զարգացման համար կազմակերպում է ուխտագնացություններ դեպի Հայաստանի հոգևոր-պատմամշակութային վայրեր և այցելություններ տարբեր թանգարաններ և պատկերասրահներ:
Գեղարքունյաց թեմի առաջնորդ տ. Կիրակոս վրդ. Դավթյանի օրհնությամբ և աջակցությամբ, ինչպես նաև ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան կազմակերպության աջակցությամբ, կենտրոնի սաները, երիտասարդներն ու ուսուցիչները Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի կապակցությամբ, հաճելի, օգտակար և ուսանելի օր անցկացրին Էջմիածնում և Սարդարապատում:
Սարդարապատում տոնական շքերթին մասնակցելուց հետո ուխտներն առ Աստված նորոգեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Սուրբ Հռիփսիմեի տաճարում: Մայր Աթոռում նրանց դիմավորեցին և ուղեկցեցին Գևորգյան հոգևոր ճեմարանի սաները՝ Նորայր և Նարեկ սարկավագները, որոնք ծանոթացրին ու պատմեցին Մայր Աթոռի կառույցների, խաչքարերի, տաճարի մասին, Գևորգյան հոգևոր ճեմարանում ծանոթացան ճեմարանի պատմությանն ու ճեմարանականների առօրյային: Հագեցած օրվանից հետո երեխաների հանգիստն ու ժամանցը կազմակերպվեց Սուրբ Գայանեի հարակից այգում:
Կենտրոնի մի խումբ երեխաներ, ուսուցիչներ և կամավորներ ուսանելի և օգտակար օր անցկացրին Երևանում: Երևանի Սուրբ Աննա եկեղեցում երեխաները աղոթեցին ու տ. Զենոն քահանայի օրհնությունը ստանալով՝ շարունակեցին իրենց էքսկուրսիան: Խեցեգործութան արվեստանոցում երեխաները ծանոթացան խեցեգործ-վարպետ Գարեգինի աշխատանքներին, նա երեխաների համար խեցեգործության վարպետության դաս անցկացրեց:
էքսկուրսիան շարունակվեց Գաֆեսճեան արվեստի կենտրոնում, որից հետո մասնակցեցին «Կարին» ազգագրական պարի խմբի կողմից հունիս ամսվա վերջին ուրբաթ օրը կազմակերպվող ազգային պարերի բաց դասին: Կենտրոնի կամավորների աջակցության շնորհիվ Էքսկուրսիան անցավ հետաքրքիր ու բազմաբովանդակ:
{gallery}Images/2018/07._July/Gavar_Center_visit_Yerevan{/gallery}