«Տրավման՝ որպես ընտանեկան բռնության պատճառ և հետևանք, հոգեբանական աջակցության մեխանիզմներ». Բանախոսություն հոգևորականների համար
Հայ Եկեղեցու 14 քահանանա ու սարկավագ նոր հմտություններ ձեռք բերեցին՝ մասնակցելով ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ կազմակերպված «Տրավման որպես ընտանեկան բռնության պատճառ և հետևանք, հոգեբանական աջակցության մեխանիզմները» թեմայով բանախոսությանը։
Բանախոսությանը վարեց հոգեբան Դավիթ Գևորգյանը՝ անդրադառնալով՝ հոգեբանական տրավմային և դրա դրսևորումներին, տրավմատիզացված ընտանիքի և հոգեբանական աջակցության էությանը, ինչպես նաև հոգեբանական խորհրդատվության եղանակներին։ Մասնակիցներն ուսումնասիրեցին տրավմայի արդյունքում առաջ եկող ընտանեկան բնության դրսևորումները և դրա դեմ պայքարի մեխանիզմները։
«Պատերազմը և այնուհետև՝ տեղահանումն արտակարգ իրավիճակներ են, որոնց ազդեցությունն ինչպես անհատի, այնպես էլ ընտանիքի վրա հաճախ կրում է հոգետրավմատիկ բնույթ։, Հաճախ, որպես հետևանք բախվում ենք այնպիսի արատավոր երևույթների, ինչպիսիք են՝ ոչ պատշաճ ծնողավարումը, ընտանեկան բռնությունների աճը, ընտանիքի անդմաների միջև, մասնավորպես՝ երեխաների հետ շփման մեջ, ոչ արդյունավետ հաղորդակցման ձևերի ընտրությունը։ Ուստի, նման հոգետրավմատիկ փորձառությամբ անցած ընտանիքները հաճախ ունենում են գրագետ հոգեբանական խորհրդատվության կարիք, որը համակցվելով հոգևոր աջակցության հետ՝ կարող է էականորեն բարելավել անձանց և ընտանիքի հոգեհուզական վիճակը»,- ասաց Դավիթ Գևորգյանը:
ՀԿՍ-ի և ՄԱԲՀ-ի համագործակցության ուշադրության կենտրոնում են քահանաների և սոցիալական ոլորտի ներկայացուցիչների համար նման թեմաների շուրջ բանախոսությունների, դասընթացների կազմակերպումը, ինչը նպաստում է նրանց գործունեության ընթացքում կանանց և տղամարդկանց իրավահավասարությանն ու, ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված թիրախավորված աշխատանքին:
«Իրազեկվածության բարձրացում. ընտանեկան բարեկեցությանն ուղղված քայլեր» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում` Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի հետ համագործակցությամբ։ Այս հրապարակման բովանդակության համար պատասխանատվություն է կրում ԵՀԽ ՀԿՍ-ն, և պարտադիր չէ որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության տեսակետները:









