Սուրբ Ծննդյան ընթերցումներ Ռուսաստանի Դաշնությունում
Հունվարի 27-ին ՌԴ-ում Ռուս Ուղղափառ Եկեղեցու Սուրբ Ծննդյան ամենամյա ընթերցումների շրջանակներում տեղի ունեցավ քննարկումների շարք՝ նվիրված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և բնապահպանական հիմնախնդիրներին:
Քննարկումը բացեց ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության ներկայացուցիչ Լարիսա Դեմենտիևայի ելույթը, որում ներկայացրեց ՄԻԱՎ-ի հետ կապված ներկա իրավիճակը ՌԴ-ում և պետական ու կրոնական կառույցների համագործակցությունը ոլորտում: Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները իրենց զեկույցներում խոսեցին ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց կյանքի որակի բարելավման համար հավատի դրական ներուժի և ոլորտում մինչ այժմ իրականացված ծրագրերի դրական փորձի մասին, ինչպես նաև ներկայացրեցին սահմանափակումները և մարտահրավերները, որոնք հանդիպում են գործնականում: Քննարկման մի առանձին մաս նվիրված էր ՄԻԱՎ-ի և դեռահասների մոտ ռիսկային վարքագծի կանխարգելմանն ուղղված ԼադՅա, Կենդանի ջուր (Живая Вода) և Ճանապարհ դեպի տուն (Дорога к Дому) այլընտրանքային ուսումնական ծրագրերին:
Բնապահպանության ոլորտում եկեղեցիների և եկեղեցական կազմակերպությունների աշխատանքի մասին զեկուցումներով հանդես եկան Ռուսական Կլոր սեղանի, Ռուսասատանի ավետարանական քրիստոնյաների համայնքի ներկայացուցիչները: Ներկայացվեցին նաև Հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի բնապահպանական ծրագրերը` շեշտադրելով հատկապես նման ծրագրերում եկեղեցու դերը:
Հունվարի 28-ին “Եկեղեցին Ընդդեմ ՁԻԱՀ-ի” Արևելյան Եվրոպայի ուղղափառ եկեղեցիների ցանցի ներկայացուցիչները հանդիպեցին ՄԱՁԻԱՀ-ի (UNAIDS) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Վինեյ Փ. Սալդանայի հետ: Հանդիպումը նպատակ ուներ ներկայացնել ցանցի անդամ եկեղեցիների և կազմակերպություններ ներդրումը ՄԻԱՎ-ի կանխարգելման, խարանի և խտրականության հաղթահարման և ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց խնամք և աջակցություն տրամադրելու գործում, ինչպես նաև՝ քննարկել համագործակցության հեռանկարները՝ տարածաշրջանային ծրագրի շրջանակներում:
Տեղեկացնենք, որ “Եկեղեցին Ընդդեմ ՁԻԱՀ-ի” Արևելյան Եվրոպայի ուղղափառ եկեղեցիների ցանցը գործում է 2002թ.ից: Ցանցի անդամներ են հանդիսանում Ռուս Ուղղափառ Եկեղեցին, Բելառուսի ուղղափառ եկեղեցու “Եկեղեցու սոցիալական աշխատանք” միջեկեղեցական առաքելությունը, ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը, Մոլդովայի Ուղղափառ եկեղեցին, Ուկրաինայի “Հույս, սեր, հավատ” հիմնադրամը և Սանկտ-Պետերբուրգի “Դիակոնիա” հիմնադրամը:
Հետաքրքրություն առաջացրեց հատկապես բնապահպանական ծրագրերի ֆինանսավորման և համաֆինանսավորման նպատակով համայնքահեն շրջանառու հիմնադրամների ստեղծման ծրագիրը: