Մեկ էջ ՄԱԲՀ-ի հետ մեր համագործակցության պատմությունից
Այս տարի սեպտեմբերին կլինի արդեն 5 տարի, ինչ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամն անդամակցում է Եվրոպայի և Միջին Ասիայի կրոնական կազմակերպությունների և Միավորված Ազգերի Կազմակերպության Բնակչության Հիմնադրամի բնակչության և զարգացման հարցերով համագործակցության ցանցին: Այսօր ցանցը միավորում է ընդհանուր հաշվով ավելի քան 40 կազմակերպություններ (ՄԱԲՀ ազգային գրասենյակներ և կրոնական կազմակերպություններ) Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Բուլղարիայից, Վրաստանից, Ղազախստանից, Կոսովոյից, Ղրղզստանից, Մակեդոնիայից, Մոլդովայից, Ռումինիայից, Ռուսաստանից, Սերբիայից, Շվեյցարիայից, Տաջիկստանից, Թուրքիայից, Ուկրաինայից և Միացյալ Թագավորոթյունից:
2009 թվականին ՀԿՍ-ն բելառուսական գործընկեր կրոնական կազմակերպության հետ միասին դիմեցին ՄԱԲՀ համապատասխան ազգային գրասենյակներին` առաջարկելով անցկացնել կրոնական կազմակերպությունների և ՄԱԲՀ տարածաշրջանային խորհրդակցական հանդիպում Եվրոպայի և Միջին Ասիայի երկրների համար` հետևելով այլ տարածաշրջանների օրինակին, որտեղ ՄԱԲՀ-ը համագործակցում է կրոնական կազմակերպությունների հետ: Արդյունքում ՄԱԲՀ Արևելյան Եվրոպայի և Միջին Ասիայի տարածաշրջանային գրասենյակը Մինսկում ժողով գումարեց, որը և հիմք դրեց ներկայից համագործակցությանը` նպատակ ունենալով նպաստել բնակչության բարեկեցության ապահովմանը և տարածաշրջանային զարգացմանը ընտանեկան բարեկեցության և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի շուրջ միջկրոնական և տարածաշրջանային համագործակցության խթանման միջոցով:
2010 թվականից ի վեր Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը ՄԱԲՀ-ի հետ միասին ցանցի աշխատանքային խմբի համանախագահն է և հյուրընկալում է ցանցի քարտուղարությանը, որը պատասխանատու է ցանցային աշխատանքի համակարգման համար: Ցանցի բազմաթիվ նախաձեռնություններից նպատակահարմար է առանձնացնել հատկապես երկուսը` տարածաշրջանային լրաբերն ու ռեսուրսների էլեկտրոնային շտեմարանը, որոնք հաջողությամբ նպաստում են փորձի և տեղեկատվության փոխանակմանը ցանցի ներսում:
Երկրի մակարդակում ՀԿՍ-ն համագործակցության լուրջ փորձ ունի ՄԱԲՀ-ի հետ ընտանեկան բարեկեցության բնագավառում, մասնավորապես` Բնակչության և Զարգացման Միջազգային Համաժողովում արծածված հիմնախնդիրների, ընտանեկան բռնության, թրաֆիքինգի, եկեղեցու սոցիալական աշխատանքի և այլ հարցերով: 2012 թվականի նոյեմբերին ՀԿՍ-ն ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի և ՄԱԲՀ Արևելյան Եվրոպայի և Միջին Ասիայի տարածաշրջանային գրասենյակի աջակցությամբ կազմակերպեց «Դիակոնիայի ուսուցում» թեմայով տարածաշրջանային համաժողով: Ժողովին ներկա կրոնական կազմակերպությունների, միջազգային և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և գիտության ոլորտի մոտ 40 ներկայացուցիչների թվում էին նաև ՀԿՍ ցանցային գործընկերները Բելառուսից, Ռուսաստանից և Ղրղզստանից, որոնք հավաքվել էին ուսումնասիրելու Հայ Առաքելական Եկեղեցու սոցիալական աշխատանքն ընդլայնելու հնարավորությունները.
Տարածաշրջանային մակարդակում աշխատանք է տարվում համատեղ ծրագրեր իրականացնելու համար: Այս տեսանկյունից 2014 թվականի սկզբին ևս մեկ կարևոր քայլ է արվել ՀԿՍ-ի, ՄԱԲՀ տարածաշրջանային գրասենյակի և 3 ցանցի անդամ երկրների ՄԱԲՀ ազգային գրասենյակների և կրոնական կազմակերպությունների կողմից այս գործընթացը խթանելու նպատակով: