Մեծամորում բացվեց “Ընտանիք և համայնք” ՀԿ-ի նոր մասնաշենքը
Ս.թ. սեպտեմբերի 14-ին Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում կատարվեց «Ընտանիք և համայնք» բարեգործական հասարակական կազմակերպության նոր մասնաշենքի հանդիսավոր բացումը: Շենքի կառուցումը իրականացրել էր «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամը, իսկ ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը աջակցել էր գույքի գնման հարցում: Մինչ փայտաշեն հաստատությունում շրջելը, Հայ առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը կատարեց տնօրհնեքի կարգ: Տոնական միջոցառումն ուղեկցվեց «Ընտանիք և համայնք» կազմակերպությունում գործող «Արևածաղիկ» մանկական երգչախմբի կատարումներով և «Փալանչո» մանկապատանեկան տիկնիկային թատերախմբի ներկայացումներով:

«Ընտանիք և համայնք» հասարակական կազմակերպությունը երկար տարիներ համագործակցում է Կլոր սեղան հիմնադրամի հետ: Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին և խոցելի ընտանիքներին աջակցելու նպատակով ստեղծված կենտրոնը տրամադրում է սոցիալ-հոգեբանական, կրթա-մշակությաին ծառայություններ, նաև կազմակերպում է երեխաների ցերեկային խնամքը և վերականգնողական աշխատանքներ տանում օրենքի հետ խնդիր ունեցող անչափահասների հետ:


