ՀԱԵ Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի մայիսյան միջոցառումները

ՀԱԵ Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի մայիսյան միջոցառումները

ԱՄԵՆԱԳԵՏԻԿՆԵՐԸ ՏԻԿՆԻԿԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆԸ

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Հայաստանյան կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի ջանքերով հիմնադրված ՀԱԵ Շիրակի թեմի Սոցիալ—կրթական կենտրոնը մայիսին իրանացկացրեց մի քանի միջոցառում:  Կենտրոնի Ամենագետիկ նախակրթարանի սաները մայիսի 3-ին այս տարի առաջին անգամ այցելեցին տիկնիկային թատրոն՝ դիտելու Սպիտակ օձը ներկայացումը, որը շատ հետաքրքիր էր, երեխաների համար մատչելի, պարզ ու հասկանալի: Ներկայացումը մերթընդմերթ ընդհատվում էր Արա Գևորգյանի աշխույժ ժողովրդական երաժշտությամբ, որի ընթացքում երեխաներն աշխույժ ծափահարում էին ու պարում:

Ներկայացումից հետո փոքրիկները վերադարձան կենտրոն, որտեղ նրանց սպասում էր օրվա երկրորդ՝  նույնքան բազմազբաղ հատվածը: Այն լի էր խաղով, զբոսանքով, հեքիաթով, նկարչությամբ, լեզուների ու թվաբանության ուսուցմամբ և այլ զբաղմունքներով:

 

ԳԱՐՈՒՆ, ՄԱՅՐՈՒԹՅՈՒՆ, ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ

Սոցիալ—կրթական կենտրոնի Հեքիաթ ցերեկային խնամքի կենտրոնում “Գարուն, մայրություն, խաղաղություն“ խորագրով միջոցառման ժամանակ դաստիարակը և կամավորները ներկայացրեցին Պ. Սևակի, Հ. Շիրազի և Հ. Թումանյանի կենսագրությունները, ինչպես նաև երեխաների շուրթերով հնչեցին մեծ բանաստեղծների ստեղծագործությունները: Փոքրիկներն անդրադարձան նաև մեր քաջ զինվորներին: Նրանք “Ախպերս ու ես“ երգի հնչյունների ներքո փոքրիկ հուզիչ բեմադրություն ներկայացրին: Միջոցառումն ավարտվեց մանուկների կողմից աշխարհին խաղաղության և նորանոր գարունների մաղթանքով:

 

ՏԱՐԵՑՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՈՒՄ

Սոցիալ—կրթական կենտրոնի կամավորները Հեռահաղորդակցության և տեղեկատվական հասարակության համաշխարհային օրվա կապակցությամբ կազմակերպվել էին “Համակարգչային գրագիտություն և հեռահաղորդակցում“ թեմայով դասընթաց` կենտրոնի շահառու տարեցների համար: Կամավորները տարեցներին սովորեցրին օգտվել համակարգչից, համացանցից և հեռախոսից, կատարել հեռախոսազանգեր և տեսազանգեր, ինչպես նաև գրել հաղորդագրություններ: 

Տարեցները ցանկություն հայտնեցին շաբաթական երկուական ժամ տրամադրել համակարգչային գիտելիքների ու հմտությունների ուսումնասիրմանը, և կամավորները պատրաստակամություն հայտնեցին կատարել իրենց ավագ ընկերների ցանկությունը։

Մայիսի 17-ին “Սուրբ Աստվածածին Յոթ Վերք“ եկեղեցասեր երիտասարդաց միության անդամներն այցելեցին Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն: