Կլոր Սեղան Հիմնադրամը` ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ին նվիրված համաժողովին
ԵՀԽ Հայաստանյան կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը մասնակցել է մարտի 23-25-ը Մոսկվայում կայացած Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրներին նվիրված 5-րդ կոնֆերանսին: Միջոցառումը կազմակերպել են Ռոսպոտրեբնադզոր կազմակերպությունը և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ծրագիրը:
Կոնֆերանսի քննարկման հիմնական թեման եղել է ՄԻԱՎ-ի պրոֆիլակտիկան և բուժումը: Հատկապես կարևոր է համարվել այդ գործում կրոնական կազմակերպությունների դերը: Կոնֆերանսին մասնակցել է 79 երկրի 2500 ներկայացուցիչ: Նրանց մեջ եղել են տարբեր կրոնական կազմակերպությունների և եկեղեցական հարանվանությունների բազմաթիվ ներկայացուցիչներ:Կոնֆերանսի մասնակիցները նշել են կրոնական կազմակերպությունների ներգրավվածության կարևորությունը ՄԻԱՎ/ՁԻԱՀ ունեցող մարդկանց բուժելու, նրանց հասարակության մեջ ինտեգրելու և խտրականության վերացման հարցում:
Միջոցառման ընթացքում ձևավորված աշխատանքային խմբերից մեկի ընթացքում տարբեր կրոնների հոգևորականներ, կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ կազմել են այն վայրերի քարտեզը, թե որտեղ և ինչ աստիճանով են կրոնական կազմակերպությունները ներգրավված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի պրոֆիլակտիկայի և բուժման հարցերում: Կազմակերպիչները հատուկ շեշտել են, որ պետությունները պետք է ճանաչեն կրոնական կազմակերպությունների, հատկապես քրիստոնեական եկեղեցիների դերը և կարևոր նշանակությունը խնդրի լուծման հարցում: Ըստ միջոցառման մասնակից գիտնականների և հոգևորականների` ՄԻԱՎ/ՁԻԱՀը սերտորեն առնչվում է հոգևոր կյանքին և քրիստոնեական արժեքներին: Ուստի դրա կանխարգելման հարցում կարևոր է մարդկանց հոգևոր գիտակցության և պատասխանատվության բարձրացումը:
Կարեն Նազարյանը նշել է, որ Հայաստանյան կլոր սեղան հիմնադրամը միջոցառմանը մասնակցում է արդեն երրորդ անգամ: Նա կարևոր է համարել նման հարթակի գոյությունը, քանի որ այն տալիս է տարբեր դավանանքների միջև այդ հարցերում փորձի փոխանակման հնարավորություն:
Միջոցառման մասին բոլոր մանրամասները` տեսանյութում (ռուսերեն)