Եվրադիակոնիա կազմակերպությունը ցանկանում է նպաստել Սոցիալական Եվրոպայի ապագա պատկերի ձևավորմանը
Քրիստոնեական բարեգործական կազմակերպությունների Եվրադիակոնիա միավորումը Լեհաստանի Վլոցլավ քաղաքում կայացած տարեկան ժողովից հետո ընդունել է վստահությանը և Եվրոպայում սոցիալական ծառայություններին վերաբերող համատեղ հռչակագիր: Հռչակագրում ասվում է.
«Եվրադիակոնիայի անդամները հավատարիմ են վստաության ակտիվ կերտող լինելու սկզբունքին: Յուրաքանչյուր օր, վստահելի լինելու նպատակով, մենք կանգնում ենք ավելի որակյալ և թափանցիկ աշխատանք կատարելու մարտահրավերի առջև: Ոգեշնչվելով Ավետարանի հույսով և լինելով սոցիալական արդարության պաշտպաններ՝ մենք հստակորեն աշխատում ենք համընդհանուր բարեկեցության և ավելի հզոր սոցիալական Եվրոպայի կերտման համար: Եվրադիակոնիայի անդամներն աշխատելու են հասարակության առավել խոցելի խմբերի իրավունքներն ամրապնդելու, ձայնը լսելի դարձնելու և ժողովրդավարական իշխանությունն առավել հզորացնելու համար: Դրանով մենք կնպաստենք մեր հասարակություններում սոցիալական համախմբվածությանը: Մենք դեմ ենք այն ամբոխահաճությանը, ծայրահեղությանը, որոնք նպաստում են այլատյացությանը, ռասիզմին և բացառմանը: Քաղաքական գործիչներին կոչ ենք անում մեր հասարակություներում բարձրացնել վստահության մակարդակը, այլ ոչ թե քայլեր ձեռնարկել դրա հանդեպ բացասական վերաբերմունք ձևավորելու ուղղությամբ: Խնդրում ենք պաշտոնյաներին վստահել մեր կարողություններին՝ մեր շահառուների և մեր հասարակությունների մեջ վստահությունը վերականգնելու հարցում»:
2018 թ. Եվրադիակոնիայի տարեկան հանդիպումը պաշտոնապես բացվել էր հունիսի 13-ին՝ «Լեհաստանի դիակոնիա» կազմակերպության նախագահ, եպիսկոպոս Ռիչարդ Բոգուչի մատուցած էկումենիկ հոգևոր ծառայությամբ: Այնուհետև Եվրոպայում գործող քրիստոնյա սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպությունների ավելի քան 90 ներկայացուցիչ մասնակցել է լիագումար նիստին: ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան (ՀԿՍ) հիմնադրամից տարեկան հանդիպմանը մասնակցել է ծրագրի պատասխանատու Ծովինար Ղազարյանը:
Ողջունելով հուրերին՝ Եվրադիակոնիայի նախագահ Ռոմանա Բելովան ասաց. «Վերջերս Եվրոպայի սոցիալական խարտիայի հաստատումը մեզ՝ Եվրոպայում դիակոնիա իրականացնող դերակատարներիս համար նոր և նշանակալի հնարավորություն է՝ վերագնահատել մեր հիմնարար դերը սոցիալական համախմբվածությանը նպաստելու մեջ՝ բևեռացվածության և սոցիալական բացառման պարագայում: Որպես քրիստոնեության հիման վրա ստեղծված սոցիալական ծառայություններ մատուցող՝ մենք հավատում ենք, որ ունենք յուրահատուկ ուղերձ և սոցիալական Եվրոպայի հանդեպ մեր վերաբերմունքը, որը հաստատվում է մեր հավատքով»:
Այս տարվա տարեկան հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել արագ փոփոխվող աշխարհամասում սոցիալական Եվրոպայի ապագա կարգավիճակին: Ընդգծվել է, որ բևեռացվածության և գործազրկության աճը, ինչպես նաև ժողովրդագրական պատկերի փոփոխությունը և քաղաքական անկայունությունն ամբողջ Եվրոպայում քրիստոնեական կազմակերպությունների համար համարվում են հույժ կարևոր: Մասնակիցներն անդրադարձել են այսօրվա Եվրոպայի կրոնական, մշակութային և քաղաքական իրավիճակին և վերլուծել, թե ինչ է նշանակում սոցիալական Եվրոպան՝ դիակոնիայի (հավատահեն սոցիալական ծառայություններ) տեսանկյունից: Ինչպես նաև քննարկվել է հարցը, թե Եվրոպայի որ տարածաշրջանում ովքեր են ընդգրկվել կամ դուրս մնացել այդ ծառայություններից:
Եռօրյա հանդիպման ընթացքում պատվիրակները հնարավորություն են ունեցել մասնակցել Եվրադիակոնիայի անդամների և գործընկերների կազմակերպած սեմինարներին, սոցիալական Եվրոպային առնչվող հրատապ խնդիրների, սոցիալական և առողջապահական ծառայությունների մատչելիության, քաղաքական փոփոխությունների, Եվրախորհրդարանի սպասվող ընտրությանը, ինչպես նաև այսօրվա Եվրոպայում կրոնական սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպությունների դերին առնչվող քննարկմանը: Հանդիպման մասնակիցները նաև այցելել են Վլոցլավում և դրա շրջակայքում հյուրընկալող «Լեհաստանի դիակոնիա» կազմակերպության իրականացրած 9 ծառայություն և ծրագիր, ծանոթացել, թե ինչպես են Լեհաստանում գործում ամենախոցելի խմբերին սպասարկող սոցիալական և առողջապահական ծառայությունները:
Eurodiaconia-ն եկեղեցիների և քրիստոնեական հասարակական 46 կազմակերպությունների (ՀԿ-ների) եվրոպական ցանց է, որը սոցիալական և առողջապահական ծառայություններ է մատուցում և քարոզում է սոցիալական արդարություն: Մենք աշխատում ենք միասին՝ ամբողջ Եվրոպայում արդարացի և սոցիալական փոփոխությունների համար՝ ոչ ոքի անտեսված չթողնելով:
{gallery}Images/2018/06._June/Eurodiaconia-AMG_18{/gallery}

