ԵՀԽ Հայաստանյան կլոր սեղան հիմնադրամը շարունակում է օգնել Արցախի տեղահանված ընտանիքներին
Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական ծառայության բաժնի հետ սերտ համագործակցությամբ շարունակում է հումանիտար օգնության բաշխումը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտից տուժած և տեղահանված բնակչությանն Արցախում և Հայաստանում ԱԿՏ Ալյանսի կողմից ֆինանսավորված Արագ Արձագանքման ծրագրի շրջանակում: Սննդի և հիգիենիկ փաթեթները պատրաստվել են հաշվի առնելով տուժած բնակչության կարիքները. սնունդ մոտ 50 կգ ՝ բազմատեսակ նպարեղեն, մսի և կանաչ ոլոռի պահածոներ, բուսական յուղ և հիգիենիկ փաթեթներ:

Հումանիտար օգնությունը բաշխվում է ԼՂՀ-ի քաղաքներում և գյուղերում՝ Ստեփանակերտ, Մարտակերտ, Շահումյան, Վանք, Առաջնաձոր, Մատաղիս և այլն, ինչպես նաև Հայաստանի այն մարզերում, որտեղ մեծ թվով տեղահանված ընտանիքներ են պատսպարվել՝ Արմավիր, Կոտայք, Շիրակ, Գուգարք, Սյունիք և այլն: Ծրագրի երկրորդ փուլի ընթացում հումանիտար օգնությունից կօգտվեն ավելի քան 500 կոնֆլիկտից տուժած և կարիքավոր ընտանիքներ:
