Եկեղեցու թեմերի սոցիալական աշխատողներն ուսումնասիրել են ընտանիքի բարեկեցությանը նպաստող ժամանակակից մեդիա հնարքները
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերի 9 սոցիալ-կրթական կենտրոնների սոցիալական աշխատողներն ու Մայր Աթոռի համակարգչային և համացանցային ծառայությունների գրասենյակների ներկայացուցիչներն ուսումնասիրեցին ընտանիքի բարեկեցությանը նպաստելու նպատակով առցանց հարթակների կիրառման հնարքներն ու մեթոդները։
ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի և ՄԱԲՀ-ի համագործակցությամբ և «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում կազմակերպված բանախոսությունը վարեց Հայոց Եկեղեցու ուրարակիր, բլոգեր, պրոդյուսեր Թովմաս Առաքելյանը։
«Մարդիկ հարցեր ունեն, մարդիկ փնտրում են պատասխաններ և իրապես ուզում են քրիստոնեավայել ընտանիք ունենալ, ապրել, ինչպես մեր հայրերն են ասում՝ «այդ փոքրիկ եկեղեցում»։ Չէ՞ որ ընտանիքը հենց «փոքրիկ եկեղեցի» էին անվանում: Այն իսկապես հասարակության մանրակերտն է, որը պայմանավորում է մեր ամբողջ Հայրենիքի անվտանգությունը, հատկապես` հոգևոր անվտանգությունը: Պետք է օգտագործել ժամանակակից միջոցները, փորձել մարդկանց տրամադրել գրագետ տեղեկատվություն՝ վտանգները կանխարգելելու համար: Հետևաբար, ընտանիքում մեդիագրագիտությունը կարող է բերել հրաշալի արդյունքների». ասաց Թովմաս Առաքելյանը: Բանախոսության սկզբում նա անդրադարձ կատարեց ծրագրով իրականացվող տեղեկատվական արշավին` ներկայացնելով կանանց և տղամարդկանց իրավահավասարությանը, ընտանիքում բռնության կանխարգելմանն ու պատասխանատու ծննողավարմանը նվիրված տեսանյութերը: Թովմաս Առաքելյանը մասնակիցների հետ քննարկեց արշավի ընթացքում ընտանիքի մասին ամենից հաճախ տրվող հարցերը և անդրադարձավ ընտանիքներում վերջին տարիներին հաճախակի ծագող խնդիրներին: Բանախոսությունն ամփոփվեց «Ինչպե՞ս է ընտանիքում առկա խնդիրների գրագետ բարձրաձայնումը նպաստում ընտանեկան բարեկեցությանը» հարցի շուրջ քննարկմամբ։
«Սոցիալական աշխատանքը նպաստում է ընտանեկան բարեկեցությանը. համապատասխան մասնագետների կողմից կազմակերպված տարբեր միջոցառումների շնորհիվ ոչ միայն բացահայտվում են բռնության դեպքեր, այլ նաև իրականացվում համապատասխան քայլեր` ի նպաստ վերջիններիս կանխարգելման ու բացառման: Կազմակերպված բանախոսությունները, սեմինարները և խորհրդատվական հանդիպումներն օգնում են բարձրացնել բռնության տեսակների, դրանց թողած հետևանքների շուրջ իրազեկվածության մակարդակը` անհապաղ կանխարգելման անհրաժեշտության շեշտադրմամբ». ասում է սոցիալական աշխատող Մելանյա Ռաֆայելյանը` կարևորելով մասնագետների վերապատրաստմանն ուղղված նման միջոցառումների կազմակերպումը:
«Իրազեկվածության բարձրացում. ընտանեկան բարեկեցությանն ուղղված քայլեր» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում` Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի հետ համագործակցությամբ։ Այս հրապարակման բովանդակության համար պատասխանատվություն է կրում ԵՀԽ ՀԿՍ-ն, և պարտադիր չէ որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության տեսակետները։




































