Եկեղեցիներն ավելի շատ պետք է ներգրավվեն Կայուն զարգացման նպատակների իրականացման գործում. «Եկեղեցիների համատեղ գործողություններ» դաշինք
Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում անցկացվեց «Եկեղեցիների համատեղ գործողություններ» դաշինքի (ACT Alliance) Եվրոպայի ֆորումի տարեկան հանդիպումը: Միջոցառմանը ներկայացված էին նաև Հայ առաքելական եկեղեցին և «ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան» հիմնադրամը (ՀԿՍ)՝ ի դեմս ՀԿՍ գործադիր տնօրեն Կարեն Նազարյանի:
Ֆորումի մասնակիցները որոշեցին դաշինքի Արևելյան Եվրոպայի անդամ երկրներում մարդասիրական աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար մոտ ապագայում նշանակել «Եկեղեցիների համատեղ գործողություններ» դաշինքի համակարգող: Նոր մասնագետն, ըստ դաշինքի անդամների, պետք է լինի տեղացի:
Աշխատանքային հանդիպման ընթացքում դաշինքի անդամ եվրոպական եկեղեցական բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչները միմյանց հետ կիսեցին ստեղծված աշխարհաքաղաքական պայմաններում մարդասիրական առաքելություն իրականացնելու իրենց փորձը, քննարկեցին արագ փոփոխվող իրավիճակներին արդյունավետ արձագանքելու և համապատասխան գործողություններ իրականացնելու ուղիները: «Եկեղեցիների համատեղ գործողություններ» դաշինքի Եվրոպական ֆորումի ներկայացուցիչները նաև քննարկեցին դաշինքի անդամակցության նոր մոդելները, ինչպես նաև նոր ու հիմնադիր անդամների համագործակցությունն ավելի թիրախային, նպատակային և արդյունավետ դարձնելու հարցերը:
«Եկեղեցիների համատեղ գործողություններ» դաշինքը հիմնվել է 2010 թ.՝ ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի գործուն մասնակցությամբ: Դաշինքն այսօր միավորում է աշխարհի 120 երկրների ավելի քան 140 եկեղեցու: Դաշինքի գործունեության հիմնական ոլորտներն են՝ արագ արձագանքում աղետներին, Կայուն զարգացման նպատակների իրականացում, մասնավոր հատվածի հաշվետվողություն, միգրացիա, գենդերային և կլիմայական խնդիրներ:
{gallery}Images/2018/05._May/Finland{/gallery}
