«Եկեղեցիների համատեղ գործողություն» համադաշնության ղեկավար խորհրդի անդամները՝ Վեհարանում

«Եկեղեցիների համատեղ գործողություն» համադաշնության ղեկավար խորհրդի անդամները՝ Վեհարանում

Մայիսի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Եկեղեցիների համատեղ գործողություն» համադաշնության (ACT Alliance) ղեկավար խորհրդի անդամներին` ուղեկցությամբ խորհրդի անդամ, ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան բարեգործական միջեկեղեցական հիմնադրամի տնօրեն դոկտ. Կարեն Նազարյանի: 

«Եկեղեցիների համատեղ գործողություն» համադաշնության խորհուրդը` բաղկացած քրիստոնեական տարբեր կառույցների և կազմակերպությունների 19 ներկայացուցիչներից, իր հերթական տարեկան ժողովը գումարել է Հայաստանում: 

Հանդիպմանը խորհրդի անդամներին Նորին Սրբությանը ներկայացրեց տիար Կ. Նազարյանը` տեղեկացնելով, որ համադաշնությունն իր գործունեությունն իրականացնում է հիմնականում երեք ուղղություններով, որոնք են` արտակարգ իրավիճակներում օգնության մատակարարման, զարգացման և դիակոնիայի ծրագրերի իրականացման, սոցիալապես խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության ոլորտները: 

 

Այնուհետև խորհրդի անդամների անունից խոսք ասաց «Եկեղեցիների համատեղ գործողություն» համադաշնության կառավարող խորհրդի համակարգող Սուշանթ Ագարվալը (Հնդկաստան)` շնորհակալություն հայտնելով Ամենայն Հայոց Հայրապետի ընդունելության և օրհնության համար: Վերջինս, անդրադառնալով կազմակերպության առաքելությանը, նշեց, որ խորհրդի անդամները,ներկայացնելով տարբեր աշխարհամասեր, Քրիստոսի Ընդհանրական Եկեղեցու մաս են կազմում և իրենց ջանքերն են ուղղում արտակարգ իրավիճակների հետևանքով տուժածների, ինչպես նաև աշխարհի զանազան հատվածներում տառապող ու չարչարվող անձանց զորակցությանը: 

Իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձրորեն գնահատեց «Եկեղեցիների համատեղ գործողություն» համադաշնության ստանձնած առաքելությունը և նրա օգտաշատ գործունեությունը: 

Նորին Սրբությունն ընդգծեց, որ այս շրջանում, երբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների պատճառով խաթարվել է հայոց սահմանների անդորրը, տասնյակ երիտասարդներ են զոհվել և բազում հայորդիներ հարկադրված դարձել գաղթական, համադաշնության ղեկավար խորհրդի ժողովի անցկացումը Հայաստանում դիտարկվում է իբրև առանձնահատուկ ներդրում տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում: 

Այս կապակցությամբ Գարեգին Բ Վեհափառը, ներկայացնելով Հայոց Եկեղեցու կողմից ի զորակցություն Արցախի իրականացված ծրագրերը, իր հայրապետական գնահատանքը փոխանցեց նաև ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամին ու Եկեղեցիների համատեղ գործողություն» համադաշնությանը վերջին օրերին Արցախի ժողովրդին ցուցաբերած նյութական աջակցության համար: 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Տերը զորացնի Իր Ս. Եկեղեցին, որպեսզի այսօրինակ մարդասիրական ծառայությունների շնորհիվ կերտվի առավել բարօր աշխարհ` խարսխված ազգերի, ժողովուրդների ու կրոնների միջև փոխադարձ սիրո ու համերաշխության վրա: Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը պատասխանեց ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին Սիրիայի ժողովրդին և հայ համայնքին Հայոց Եկեղեցու կողմից ցուցաբերվող զորակցությանը: 

Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե ծ. վարդապետ Անանյանը:  

Աղբյուրը՝ armchurch.info