Նորություններ

2022 թ. դեկտեմբերի 14-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գարեգին Ա Աստվածաբանական-հայագիտական կենտրոնում նշվեց Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի գործունեության 25-ամյակը:

IMG 7596

Միջոցառումը մեկնարկեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Եկրորդի աղոթքով և օրհնության խոսքով: Վեհափառ հայրապետը նշեց, որ ինչպես հիիմնադրման տարեթվին, այսօր էլ հիմնադրամը գործում է Հայաստանի և Արցախի համար բախտորոշ ժամանակաշրջանում: Կաթողիկոսն իր օրհնությունը և շնորհակալությունը հայտնեց հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանին և աշխատակիցներին՝ տարիների նվիրված և ժրաջան աշխատանքի համար:

IMG 7598

«Կարևոր դեր են խաղացել հիմնադրամի այն ծրագրերը, որոնք ուղղված էին տարածաշրջանային խաղաղությանը և հաշտեցմանը, որոնց նաև անձնական մասնակցություն ենք ունեցել մենք: Աշխարհաքաղաքական իրադրությունը, Մերձավոր արևելքի ճգնաժամը և Արցախի հակամարտությունը պատճառ դարձան, որպեսզի Կլոր սեղանն իր գործունեության հիկմնական ուղղություն դարձնի նաև արտակարգ իրավիճակներին արագ արձագանքումը: Հիմնադրամը շարունակում է օժանդակություն ցուցաբերել Արցախի 44-օրյա պատերազմից տուժածներին, ինչպես նաև Հայ Եկեղեցու կրթական և սոցիալական ծրագրերի իրականացման գործում»,- նշեց Վեհափառ Հայրապետը: Նա նաև նշեց, որ դեռևս շատ են մարտահրավերները՝ հատկապես հաշվի առնելով Արցախում Ադրբեջանի վերջին սադրանքները և Լաչինի միջանցքի փակումը:

IMG 7604

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև հույս հայտնեց, որ նաև Կլոր սեղան հիմնադրամի միջոցով միջազգային քրիստոնեական մարդասիրական կազմակերպությունները կարձագանքեն և կիրազեկվեն ստեղծված իրավիճակի մասին:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանական խորհրդի ատենապետ, Մայր Տաճարի Լուսարարապետ Տ. Մուշեղ եպս. Բաբայանը նշեց.

«25 տարի առաջ, արդեն հեռավոր 1997 թվականին, Երջանկահիշատակ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա-ի օրհնությամբ սկսեց գործել Կլոր սեղան հիմնադրամը: Մեր գոյության գրեթե ամբողջ ժամանակահատվածն անցել է Ամենայն հայոց կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի գահակալության շրջանում, և մենք միշտ զգացել ենք Նորին Սրբության ուշադրությունն ու աջակցությունը, Վեհափառ Հայրապետի օրհնությունը մշտապես առաջնորդել է մեր համեստ աշխատանքը։

IMG 7602

Մեր ճանապարհը դյուրին չի եղել, շատ են եղել դժվարին պահեր, խնդիրներ, մտահոգություններ, սակայն փորձել ենք գտնել դրանք հաղթահարելու ուղիներ, որպեսզի շարունակենք և ընդլայնենք այն ծրագրերը, որոնք համահունչ են երկրի, ժողովրդի ու եկեղեցու կարիքներին ու սպասումներին։ Նաև մշտապես սովորել ենք, որպեսզի բարելավենք մեր աշխատանքը։

Կան նաև որոշ ձեռքբերումներ։ Կարողացել ենք տարիների ընթացքում բազմապատկել մեր ծրագրերի քանակը և ընդգրկումը: Սկսել ենք փոքրածավալ ծրագրերից, ապա աստիճանաբար անցել ավելի մեծերին, ձեռնամուխ ենք եղել իրականացնելու նաև տնտեսական և դիակոնիկ ծրագրեր, վերջինս մեր շահառուների համար դարձել է ոչ միայն սոցիալական, այլև հոգևոր վերափոխման աղբյուր։ Կարևոր է, որ մշտապես փորձել ենք մեր աշխատանքով նպաստել մեր երկրի և յուրաքանչյուր քաղաքացու բարօրությանը, ի նպաստ նրանց տնտեսական, սոցիալական և հոգևոր խնդիրների փարատման:

IMG 7612

Ձևավորվել է թեմապատկան կենտրոններում և ՀԿ-ներում աշխատող աշխարհիկ և հոգևորական գործընկերների խումբ, արդեն զարգացած կարողություններով և ծրագրային աշխատանքի փորձով՝ պատրաստ իրականացնելու ոչ միայն կրթական, մանկա-պատանեկան ծրագրեր, այլև, այնպիսիք, որոնք մենք անվանում ենք «զարգացման» ծրագրեր, որոնց նպատակն է վերհանել մարդկանց կարողությունները, դուրս բերել ծանր սոցիալական և հոգեբանական վիճակից և սպառազինել նրանց գիտելիքներով ու հմտություններով, որպեսզի իրենք իրենց ուժերով կարողանան վաստակել իրենց հացը հանապազօրյա, գտնեն կյանքի իրենց ուրույն ուղին և վստահությամբ դիմավորեն ապագան»:

IMG 7617

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը ողջույնի խոսքում ասաց.

«Անցած 25 տարիների ընթացքում չի եղել ավելի լարված ժամականակաշրջան, քան անցած երկու-երեք տարին, երբ մենք, մեր հիմնական աշխատանքը չենք անտեսել, սակայն ժամանակի մեծ մասն օգտագործել ենք իրականացնելու համար արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման ծրագրեր՝ լինի դա COVID19, փախստականների ներհոսք Արցախից, թե ներքին տեղահանվածներ սահմանամերձ գոտիներից… Ցավոք սրտի, այս պահին մեր երկիրը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առաջ: Եվ մեր գործն է նաև, մեր ուժերի ներածին չափով, դիմակայել ու հաղթահարել դրանք:

IMG 7644

Պետք է հատկապես նշենք, որ միայնակ չենք եղել, մեր կողքին է մեր Եկեղեցին, աջակցում են մեր թեմերը, համայնքներում գործող բազմաթիվ կառույցներ։

Շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկեր եվրոպական և ամերիկյան եկեղեցական ու աշխարհիկ կառույցներին:

Մեծապես արժևորում ենք մեր սերտ աշխատանքը գործընկեր կազմակերպությունների հետ Հայաստանում, հատկապես համագործակցությունը թեմապատկան սոցիալ-կրթական կենտրոնների հետ: Որքան իրենք են մեզանից սովորել, կրկնակին մենք ենք սովորել իրենցից:

IMG 7630

2023-ից սկսում ենք նոր աշխատանքային շրջան, համոզված ենք, որ այն նպաստավոր կլինի բոլորիս համար: Հետևողականորեն շարունակելու ենք աշխատել, փորձելու ենք դարմանել ցավերը, շարունակելու ենք զարգացմանն ուղղված ծրագրերը՝ մշտապես ականջալուր ժամանակի պահանջներին և մարդկանց սպասումներին ու ձգտումներին։ Եվ մշտապես ի շահ մեր Սուրբ Եկեղեցու, երկրի և մեր ժողովրդի»:

IMG 7691

Միջոցառման մասնակցող գործընկեր կազմակերպությունները շեշտեցին Կլոր սեղան հիմնադրամի ծրագրերի կայունությունը և աշխատակիցների հետևողականությունը դրանց իրագործման հարցում: Հիմնադրամի աջակցությամբ արդեն մոտ 20 տարի գործող և Հայ Առաքելական Եկեղեցու թեմերին պատկանող սոցիալ-կրթական կենտրոնների ներկայացուցիչները վստահեցրին, որ Կլոր սեղանն իր աջակցության ծրագրերի միջոցով զգալի ներդրում է ունեցել շահառու համայնքների սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման և կրթական նոր որակյալ ծրագրերի իրագործման հարցում:

IMG 7633

Կազմակերպության անցած 25 տարվ ուղու մասին՝ հակիրճ

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը ստեղծվել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախաձեռնությամբ և Հայ Կաթողիկե և Հայ Ավետարանական եկեղեցիների մասնակցությամբ: Կլոր սեղան հիմնադրամը սկսել է իր գործունեությունը 1996 թ.-ին (գրասենյակը հիմնադրվել է 1997թ.) և այժմ գործում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովանու ներքո: Սերտորեն համագործակցելով եկեղեցիների, տեղական հասարակական կազմակերպությունների, եկեղեցուն կից գործող հասարակական կազմակերպությունների հետ՝ ՀԿՍ-ն նպատակ ունի համընդհանուր ուժերով անդրադառնալ երկրի մի շարք հիմնարար սոցիալական և տնտեսական խնդիրներին:

IMG 7676

Գործունեության հիմնական չորս ուղղություններով՝ համապարփակ համայնքային զարգացում և դիակոնիա, կարողությունների զարգացում, Տարածաշրջանային խաղաղություն և հաշտեցում, արտակարգ իրավիճակներին արձագանքում, 2004-2021 թթ ընթացքում ՀԿՍ-ն տարեկան միջինում իրականացրել է շուրջ 40 ծրագիր՝ 300-400 մլն ՀՀ դրամ արժողությամբ:

IMG 7671

2020 թ. ամբողջ աշխարհը պատուհասած կորոնավիրուսի հետևանքով տուժած քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու նպատակով ՀԿՍ-ն նույնպես օպերատիվորեն արձագանքել և տրամադրել է համակարգված ու կազմակերպված մարդասիրական օգնություն: Աջակցություն ստացած շահառուների թիվն անցնում է 3600–ից, իսկ բյուջեն՝ 45 մլն ՀՀ դրամից: Ընդհանուր առմամբ 9 ծրագրերն իրականացվել են ՀԿՍ միջազգային գործընկերների և դոնորների հետ համագործակցությամբ:

IMG 7658

2020 թ. Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի հանդեպ սանձազերծված պատերազմի արհավիրքները հաղթահարելու նպատակով ՀԿՍ-ն մշակել և սկսել է իրականացնել արագ արձագանքման մարդասիրական ծրագիր: 2020-2021 թթ. արցախցիների աջակցության ուղղված ծրագրերի շահառուների ընդհանուր թիվը մոտ 13340 է, բյուջեն՝ 361 մլն ՀՀ դրամ: Աջակցության ծրագրերը ներառել են կրթական, սոցիալական, մարդասիրական, ձեռներեցության զարգացման նախաձեռնություններ, որոնք ուղղված են եղել Հայաստանում ապաստան գտած արցախցիների համար կայուն եկամտի աղբյուրի ստեղծմանը և տարրական կենցաղային կարիքները հոգալուն:

 

Կազմակերպության գործունեության մասին պատմող հակիրճ գրքույկը կարող եք ներբեռնել այստեղից

 

 

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-196; 

Կայք` www.roundtable-act.am

էլ-փոստ՝ [email protected] 

FB ART page