ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի (ԵՀԽ ՀԿՍ) և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համագործակցությամբ իրականացվող «Դիակոնիկ գիտելիքները` որպես ընտանեկան բռնության կանխարգելման բանալի» ծրագրի շրջանակում ԵՀԽ ՀԿՍ տնօրեն Կարեն Նազարյանը և Հոգեշնորհ Տ․ Անդրեաս Վարդապետ Եզեկյանը հուլիսի 14-ին, օրհնությամբ և հանդիսապետությամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Պարթև Վարդապետ Բարսեղյանի, հանդիպեցին Գեղարքունյաց թեմում ծառայող քահանա հայրերին և սոցիալական ոլորտի ներկայացուցիչներին:
Ծրագրի շրջանակում նախատեսվող դիակոնիկ աշխատանքին նվիրված ձեռնարկը՝ համահեղինակությամբ ԵՀԽ ՀԿՍ տնօրեն, Գևորգյան հոգևոր ճեմարանի Գործնական աստվածաբանության ամբիոնի դասախոս Տիար Կարեն Նազարյանի և Գևորգյան հոգևոր ճեմարանի Պատմական աստվածաբանության ամբիոնի վարիչ Տ․ Անդրեաս Վարդապետ Եզեկյանի, ներկայացվելու է ԳՀՃ ուսանողների, քահանաների և սոցիալական ոլորտի աշխատակիցների կողմից կիրառությանը:
Քրիստոնեական դիակոնիան, ԵՀԽ-ի արդի պատկերացումների համաձայն, ընկալվում է որպես գթասրտության դրսևորում բոլորի հանդեպ, սպասավորություն ամբողջ մարդկությանը։ Դիակոնիան բավականին լայն հասկացություն է, որը պետք է թափանցի յուրաքանչյուր ոլորտ՝ միասնականության, սիրո և հաշտության հիման վրա լուծելու համար այդ ոլորտում առկա խնդիրները։
Դիակոնիան աստվածաբանական սկզբունք է, որը սերտորեն շաղկապված է Եկեղեցու առաքելության հետ։ Դիակոնիան գործելու կոչ է, մարդու կրած զրկանքների, ժամանակակից մարտահրավերների դեմ պայքարի, անարդարության հանդեպ պատասխանը և արարածներին խնամք տանելու պատգամ։ Դիակոնիկ աշխատանքի կարևորագույն ուղղվածությունը անարդարության և անհավասարության դեմ պայքարն է։
Ուստի դիակոնիայի հիմնարար գիտելիքների միջոցով հնարավոր կլինի առավել լայնածավալ կերպով անդրադառնալ ընտանեկան բռնության առաջացման խնդիրներին՝ գտնելով կանխարգելման համապատասխան միջոցները, իսկ թեմայի շուրջ նախնական քննարկման շնորհիվ հնարավոր կլինի պարզել համապատասխան ոլորտի ներկայացուցիչներին հուզող հարցերը, լսել նոր գաղափարներ և համապատասխան խմբագրումներից հետո ձեռնարկն ավելի նպատակային, մատչելի ու կիրառելի դարձնել։
Հանդիպմանը մասնակցեց նաև ՄԱԲՀ ծրագրի ղեկավարի օգնական Աննա Հովհաննիսյանը, ով կարևորեց քահանա հայրերի և սոցիալական ոլորտի աշխատակիցների ընդգրկվածությունն ու ակտիվ մասնակցությունը ծրագրային աշխատանքին:
Հանդիպմանը ներկա էին նաև Ուղղափառ Եկեղեցիների միջազգային բարեգործական կազմակերպության գործադիր տնօրեն Կոնստանտին Տրայանտաֆիլուին և Եվրոպական ծրագրերի ղեկավար՝ Բիլյանա Միխայլովիչը, ովքեր բարձր գնահատեցին դիակոնիայի զարգացմանն ուղղված աշխատանքների իրականացումը` համապատասխան ժամանակի մարտահրավերներին:
Հանդիպման ողջ ընթացքն ուղեկցվեց քահանաների և սոցիալական աշխատողների կողմից հնչեցված հարցերով և այդ հարցերի շուրջ ծավալված ակտիվ քննարկումներով: Քննարկման կենտրոնում էր դիակոնիկ աշխատանքի շնորհիվ ընտանիքում առկա խնդիրների բացահայտումն ու հարթեցումը, բռնության կանխարգելումը և սիրո ու խաղաղության պահպանումը:
Արդեն մեկ տասնամյակ ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համագործակցությամբ իրականացնում է Հայաստանում ընտանեկան բռնությունների կանխարգելմանն ուղղված ծրագրեր, որոնց շրջանակներում ընդգրկվում են ՀՀ բոլոր մարզերը: