Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի հրավերով Հայաստանում գտնվող ԵՀԽ պատվիրակությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպեց Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ: Կազմակերպության ներկայացուցիչները Հայաստանում են «Արդարության և խաղաղության ուխտագնացություն» առաքելության շրջանակում: Հանդիպմանը մասնակցեցին ԵՀԽ ներկայացուցիչներ Սյուզան Դարբերը՝ Մեծ Բրիտանիայից, Կոռնելիա Ֆյուլկրուգ-Վայցելը՝ Գերմանիայից, Կառլա Խիջոյանը՝ Շվեյցարիայից, Անի Ղազարյան-Դրիսին՝ Շվեյցարիայից: Հանդիպմանը մասնակցում էր նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Շահե Ծայրագույն վարդապետ Անանյանը:
Հանդիպման մեկնարկին ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը ներկայացրեց Արցախի հարցի նախապատմությունը և ներկա իրավիճակը:
Սրբազան հայրը ներկայացրեց 2020թ. 44-օրյա պատերազմի հումանիտար աղետալի հետևանքները, ներկա իրավիճակն Արցախում և Ադրբեջանի իրագործած պատերազմի հանցանքներն ու մշակութային-կրոնական կոթողների ավերածությունները պատերազմի ժամանակ: Պատվիրակության ներկայացուցիչներին հետաքրքրում էր արցախի բնակչության ներկա սոցիալ-հոգեբանական վիճակը:
Վրթանես սրբազանը տեղեկացրեց, որ պատերազմի հետևանքները հաղթահարելու համար ակտիվորեն աշխատում են երեխաների, երիտասարդների և հարազատներին կորցրած կանանց հետ: Թեմակալ առաջնորդը հայտնեց, որ հարազատներին կորցրած կանանց համար գործում է հատուկ վերականգնողական ծրագիր: Նաև նաև ասաց, որ որպես հոգևորական հիասթափված է միջազգային հանրության արձագանքից Արցախի պատերազմին՝ տեսնելով, թե ինչպես է հիմա լուսաբանվում Ուկրաինայի ճգնաժամը, և ինչպես են արձագանքում դրան: Նա նաև նշեց, որ Արցախում գործող ՌԴ խաղաղապահ զորակազմն արժանապատվորեն իրականացնում է իր առաքելությունը:
Պատվիրակության անդամները պատմեցին, որ ուխտագնացության նպատակն է տեղում՝ եկեղեցիներում և համայնքներում ծանոթանալ հավատակից քրիստոնյաների ցավերին, մտահոգություններին: Նրանք ասացին, որ այցելում են հատկապես այն վայրեր, որտեղի բնակիչները ցավ և տառապանք են կրել: Հավաքագրած տեղեկությունները ներկայացնելու են ԵՀԽ կենտրոնական կոմիտեին, ինչի հիման վրա կկազմվի համապատասխան զեկույց նոյեմբերին կայանալիք համաժողովին ներկայացնելու և դրա ընթացքում անդրադարձ կատարելու նպատակով: ԵՀԽ համաժողովն անցկացվում է 7 տարին մեկ անգամ: Նման ուխտագնացություններ տարբեր խմբեր իրականացրել և իրականացնում են աշխարհի տարբեր մայրցամաքներում:
Օրվա ավարտին ԵՀԽ պատվիրակությունը նաև հանդիպեց ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աշխատակիցների հետ, ծանոթացավ ծրագրային ուղղություններին, անցած 25 տարվա գործունեության պատմությանը:
Մինչև հունիսի 1-ը նախատեսված այցի շրջանակում պատվիրակության անդամները հանդիպելու են նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: Ինչպես նաև նրանք այցելելու են Մասիս և Իջևան՝ ծանոթանալու ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի ծրագրերին, իսկ Երևանում հանդիպելու են Արցախից տեղահանված ընտանիքների հետ: Պատվիրակությունը նաև այցելելու է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և մասնակցելու է Սրբազան Պատարագի՝ Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում: