Երևանում անցկացվեց «Կանանց կայուն տնտեսական զարգացում» հանդիպում-քննարկումը: Կազմակերպիչն էր «Հայաստանի անտառներ» ՀԿ-ն՝ ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ: Տեղի ունեցան Ծրագրի շնորհանդես և քննարկում՝ գյուղի կանանց խնդիրների և տնտեսական զարգացման հնարավորությունների մասին: Քննարկումը ենթավերնագիրն էր «Ճանապարհ գյուղից դեպի անտառ: Մեկ տուփ-Մեկ ծառ»:
Ներկա էին մասնավոր հատվածի, պետական կառույցների, շրջակա միջավայրի նախարարության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր, տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հանդիպումը սկսվեց ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանի ողջույնի խոսքով, ապա համառոտ ներկայացվեցին ՀԿՍ-ի ծրագրերը: Հաջորդեց ներկայացում «Հայաստանի անտառներ» հասարակական կազմակերպության առաքելության և իրականացրած ծրագրերի մասին, որոնց տրամաբանական շարունակությունը ընթացիկ ծրագիրն է: Այն լրացնում է անտառվերականգնման և անտառատնկման գաղափարը, որը ՀԿ-ի առաքելությունն է, նաև դրա իրականացման կայունության գրավականը: ՀԿ-ն կունենա իր միջոցները, որպեսզի անխափան շարունակի բնապահպանական հսկայական նշանակություն ունեցող աշխատանքը, միևնույն ժամանակ ներգրավելով անհատների, ովքեր գնելով մեկ տուփ սնունդ, կօգնեն տնկելու մեկ ծառ: Կին ֆերմերների հետ աշխատանքը ոչ միայն եկամուտ է ապահովում նրանց համար, այլև ձևավորում է էկո մտածելակերպ: Քննարկման մասնակիցներից շատերը հատկապես նշեցին, որ զարմացած են, թե ինչից ինչ է դառնում՝ նախաճաշիկների վաճառքից հիմնվում է անտառ, իսկ ամեն գնորդ ակամա դառնում է ծառ տնկող: Նրանք կարևորեցին, թե ինչպես սպառումը կարող է նպաստել բնության պահպանմանը, այ ոչ թե վնաս հասցնելուն:
Քննարկման ընթացքում մասնակիցներն անհանգստություն հայտնեցին, որ տուփերը հենց ծառերի հատման արդյունք են: «Հայաստանի անտառներ» ՀԿ ներկայացուցիչը տեղեկացրեց, որ օգտագործվող տուփերն արդեն իսկ վերամշակված հումքից են և նորից հանձնվում են վերամշակման: Նաև շատ անգամ գնորդները իրենց անունը գրում եմ տուփի վրա, որ այդ տուփով էլ ստանան հաջորդ պատվերը: Հեղուկների համար օգտագործվում են ապակյա շշեր:
Կանանց տնտեսական գործունեության խնդիրներ
Կլոր սեղանը երկարամյա աշխատանքի ընթացքում և գյուղական, և քաղաքային համայնքերում, ծանոթացել է կանանց տնտեսական խնդիրների յուրահատկություններին: Շատ կանայք ընտանիք են պահում միայնակ, քանի որ ամուսինները արտագնա աշխատանքի են: