Աշխատուժի ստեղծման նախաձեռնություն որպես օգնություն սիրիացի փախստականներին Հայաստանում
2015թ-ի հունվարի 15-ին հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը ազդարարեց Նորվեգական եկեղեցու կողմից ֆինանսավորված ծրագրի մեկնարկը Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) Մայքրոսոֆթի ինֆորմացիոն տեխնոլոգիաների շարունակական կրթության կենտրոնում: Կենտրոնի տնօրեն Արթուր Զապրոսյանը, երկու դասախոսներ` Ալբերտ Դարբինյանը, որն ունի Մայքրոսոֆթի ծրագրավորման որակավորում և Աննա Բակունցը` վեբ ծրագրավորման մասնագետ, “Սիրիահայերի խնդիրները համակարգող կենտրոն” ՀԿ-ի նախագահը և իրավաբանը, ինչպես նաև Կլոր սեղանի ծրագրի պատասխանատուն ողջունեցին 34 երիտասարդների Սիրիայից:
Երիտասարդներին ներկայացվեց ծրագրի նպատակը, կարևորելով ծրագրավորման կրթությունն ու առկա անհրաժեշտությունը, քանի որ աշխատանքի հնարավորությունը մեծ խնդիր է Հայաստանում:

Աշխատուժի զարգացման այս նախաձեռնությունը հնարավորություն կտա իրականացնել 6- ամսյա ծրագրավորման դասընթացներ սիրիահայերից ընտրված երկու խմբերի համար, զարգացնելու նրանց կարողությունները ուսուցանելով ծրագրավորում և վեբ ծրագրավորում, քանզի այս մասնագիտությունները լայն պահանջարկ ունեն երկրում և նրա սահմաններից դուրս:

Ծրագրի կարևորագույն խնդիրներից է հոգևորականների և փորձառու հոգեբանների կողմից տրամադրվող սոցիալ-հոգեբանական և հոգևոր աջակցությունը աղետից տուժված փախստականներին: Այս նախաձեռնության գործողությունները կսկսեն իրականացվել փետրվարի սկզբից, “Հալեպ” բարեգործական միության աջակցությամբ` ի նպաստ նրանց հոգեբարոյական և նոր հասարակությունում ինտեգրման խնդիրների լուծմանը:

