«Առաջնորդություն» թեմայով դասընթաց Տավուշում
ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը (ՀԿՍ) ապրիլի 19-ից մեկնարկել է երիտասարդների կարողությունների զարգացմանը նվիրված ծրագիր Տավուշի մարզում։ Այն նպատակ ունի խթանել երիտասարդական նախաձեռնությունները և երիտասարդների ներգրավվածությունը համայնքային կյանքում։

Նախաձեռնության շրջանակում հիմնադրամն ապրիլի 19-ին «Առաջնորդություն» թեմայով դասընթաց իրականացրեց Տավուշի թեմի «Արևիկ» սոցիալական կենտրոնում: Դասընթացավարն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական ծառայության կենտրոնի տնօրեն Արժանապատիվ Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

Դասընթացին մասնակցեց Տավուշի մարզի 15 երիտասարդ` պատրաստակամություն հայտնելով մասնակցել նաև հաջորդ դասընթացներին: Դասընթացն սկսվեց Տավուշի թեմի առաջնորդ Բարձրաշնորհ Տ. Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի օրհնությամբ և Տերունական աղոթքով: Կարգախոսն էր. «ՄԵԿԸ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ, ԲՈԼՈՐԸ՝ ՄԵԿԻ (Unus pro omnibus, omnes pro uno)»:

Նախաձեռնության հիմնական նպատակն էր ներկայացնել առաջնորդության էությունը և թիմի կառուցման (Leadership and team building) քրիստոնեական սկզբունքները: Դասընթացավարի կազմակերպած խաղի միջոցով մասնակիցները ուրախ և ընկերական մթնոլորտում ներկայացրեցին իրենք իրենց` անդրադառնալով ծրագրում անդամագրվելու շարժառիթներին` նպաստել համայնքային կյանքի զարգացմանը և սովորել գրել ու իրականացնել ծրագրեր:

Առաջին մասը նվիրված էր «Առաջնորդություն. Հիսուս Քրիստոս՝ Կատարյալ Առաջնորդ» թեմային, որի ընթացքում ներկայացվեցին առաջնորդության դասական և ժամանակակից տեսությունները:

Այնուհետև անդրադարձ կատարվեց առաջնորդության աշխարհիկ և հոգևոր ընկալումներին, ներկայացվեց աշխարհիկ և հոգևոր մարդու առաջնորդ լինելու նպատակը, նրանց սկզբունքները, կարմիր գծերը։ Առաջնորդության Սուրբգրային — Քրիստոնեական ընկալմանը նվիրված բանախոսությունից հետո իրականացավ ընթերցում և քննարկում սուրբգրային համարների, որոնք վառ կերպով ընդգծեցին առաջնորդի հատկանիշները և առաջնորդության սկզբունքները՝
1. Հիսուս սիրում է մարդկանց,
2. Հիսուս թիմ է հավաքում,
3. Հիսուս ծառայի սիրտ ու հոգի ունի,
4. Հիսուս առանձնության ժամանակ ունի,
5. Հիսուս ներողամիտ է,
6. Հիսուս հոգատար է ու արձագանքող,
7. Հիսուս չի վախենում աշխատանքից:

Հանդիպման երկրորդ մասը նվիրված էր «Թիմի կառուցում — Հիսուս Քրիստոս՝ The best team builder» թեմային, որի ժամանակ Տեր Հայրը ներկայացրեց Մատթեոս 10-ի դասերը՝ թիմ ձևավորելու մասին, ռիսկերի գնահատումը և սպասվելիք փորձությունները:

Քննարկված թեմաների շուրջ մի շարք առաջադրանքներ կատարելուց հետո, Տեր Հայրը պատասխանեց երիտասարդների մոտ առաջացած հարցերին և ամփոփեց օրը` Տերունական աղոթքով և իր օրհնությամբ:
Դասընթացն իրականացվել է ՀԿՍ եռամյա գործողությունների ծրագրի շրջանակում՝ «Հաց աշխարհի համար» (Brot für die Welt) կազմակերպության հետ համագործակցությամբ:
{gallery}Images/2023/04_April/Leadership_training{/gallery}






