Արագածոտնի համայնքային զարգացման կենտրոնը տոնում է գործունեության 3-ամյակը
Արդեն երեք տարի է, ինչ Աշտարակ քաղաքում ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ գործում է Արագածոտնի թեմի «Սուրբ Մարիանե» համայնքային զարգացման կենտրոնը: Կենտրոնն այսօր աշխատում է համայնքի մոտ 85 ընտանիքի ու դրանց դպրոցահասակ երեխաների հետ և բաց է բոլոր այն անդամների համար, ովքեր ունեն շփման, համագործակցության, խորհրդատվության կարիք, ցանկություն զարգացնելու սեփական կարողություններն ու հմտությունները, մասնակցել ՀԱԵ հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանի հանդիպումներին և զրույցներին ու ճանաչել Աստծուն:
2017 թ. դեկտեմբերի 1-ին Աշտարակի Գյուլամերյան Հայորդյաց տանը տեղի ունեցավ «Սուրբ Մարիանե» կենտրոնի հաշվետու միջոցառումը: Միջոցառման նպատակն էր ծանոթացնել համայնքին, գործող կառույցներին կենտրոնի գործունեությանը: Միջոցառմանը կենտրոնի երեխաները ներկայացրեցին իրենց առօրյան, պատմեցին կենտրոնում երեխաների և մեծահասակների համար կազմակերպվող և գործող բոլոր դասընթացների և խմբակների, իրենց մանկավարժների և իրականացվող միջոցառումների մասին: Միջոցառմանը ներկայացված էր «Սուրբ Մարիանե» կենտրոնի աշխատանքների 2 ցուցադրություն՝ ձեռքի նկարների և «Նոր կյանք թափոններին» ծրագրի շրջանակներում կենտրոնի կանանց և երեխաների կողմից թափոններից պատրաստած հուշանվերների ցուցահանդեսը:
Միջոցառմանը ներկա էին Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, թեմի հոգևորականները, ծրագրի հովանավորներն ու բարերարները, ՏԻՄ ներկայացուցիչներ, կենտրոնի ամբողջ անձնակազմը, ծրագրի մասնակիցները և համայնքի ներկայացուցիչները: Կենտրոնի երեխաներին ողջունեցին Հայորդյաց տան պարի և դհոլի խմբակների սաները: Դա կենտրոնների առաջին համագործակցությունն էր, իսկ երեխաների` առաջին համատեղ ելույթը:
{gallery}Images/2017/December/Aragatsotn_Social_Centre_Third_Anniversary{/gallery}

