Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ Սաղմոսավանի սոցիալական կենտրոնում վերապատրաստվել են համակարգչային գիտելիքի ուսուցիչներ
Արագածոտնի մարզի Սաղմոսավան համայնքում գործող սոցիալական կենտրոնի ավարտվեց համակարգչային գիտելիքի ուսուցիչների վերապատրաստման դասընթացը: Այն կազմակերպվել էր Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ: Դասընթացի ավարտից առաջ վերապատրաստող դասընթացավար Լիլիա Թոթոլյանն անցկացրել է ավարտական թեստավորում՝ մասնակիցների ստացած գիտելիքը ստուգելու նպատակով:
Վերապատարաստման դասընթացի ավարտին բոլոր մասնակիցները ստացան վկայականներ: Սաղմոսավանի կենտրոնի Քրիստոֆ Արմեն Քեբաբջյան սրահում վկայականները հանձնեց Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը: Նա միջոցառմանը մասնակցող դպրոցականներին և նրանց ծնողներին ասաց, որ կենտրոնը հիմնվել է հենց նրանց կարիքները հոգալու համար: «Մենք ցանկանում ենք, որպեսզի դուք ասեք, թե ինչի կարիք ունեք և ինչ ծրագրեր են անհրաժեշտ ձեզ համար: Այս կենտրոնը հիանալի հնարավորություններ ունի բազմատեսակ նախաձեռնություններ իրականացնելու համար»,- շեշտեց Նազարյանը: Համակարգչային գիտելիքների վերապատրաստման կրթական ծրագիրը մեկնարկել է 2018 թ. հոկտեմբերին:

Վերապատրաստմանը մասնացկել է Սաղմոսավան և հարակից համայնքների 4 կին ուսուցիչ: Նրանք այսուհետև Սաղմոսավանի սոցիալական կենտրոնի շահառուներին, ինչպես նաև իրենց համայնքների դպրոցների աշակերտներին կսովերցնեն համակարգչային անհրաժեշտ գիտելիքներ:
Կենտրոնի հյուրերից Աշտարակի Սբ. Մարիանե սոցիալական կենտրոնի ղեկավար Կարինե Գրիգորյանն ասաց, որ շուտով իրենց կենտրոնը դասընթացների շարք կսկսի Սաղմոսավանում:
Միջոցառման ավարտին Սբ. Մարիանե սոցիալական կենտրոնի սաները ներկայացրեցին մի քանի երգ՝ կենդանի կատարմամբ:
Սաղմոսավանի սոցիալական կենտրոնը հիմնվել է 2018 թ. հունիսին՝ Կլոր սեղան հիմնադրամի և Քեբաբջյան ընտանիքի սերտ համագործակցությամբ: Այն Հայաստանի տարածքում գործող 11 նմանատիպ կառույցներից մեկն է: Սոցիալական կենտրոնները գործում են Հայ Առաքելական Եկեղեցու թեմերի հովանու ներքո և Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ: Սոցիալական կենտրոններում պարբերաբար կազմակերպվում են դասընթացներ, արհեստների ուսուցում, քննարկումներ, տրամադրվում է սոցիալ-հոգեբանական աջակցություն՝ համայնքի խոցելի խավերի համար:
{gallery}Images/2019/03._March{/gallery}


