Աշտարակի «Սուրբ Մարիանե» սոցիալ-կրթական կենտրոնում պատրաստվում են յուրօրինակ ճոճացանցեր
ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի սոցիալական ձեռներեցության կրթական ծրագրի շրջանակում մեկնարկեց «Ճոճացանցերի պատրաստում Աշտարակում» ծրագիրը: Այն իրականացնում է Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմի «Սուրբ Մարիանե» սոցիալ-կրթական կենտրոնը: Նպատակն է՝ պատրաստել իրենց տեսակով եզակի, ձեռագործ և շուկայում պահանջարկ ունեցող 10 ճոճացանց, որոնց վաճառքից գոյացած շահույթն ուղղվելու է համայնքի 10 կնոջ համար մակրամեի հմտությունների ուսուցմանը։ Ճոճացանցերի պատրաստման աշխատանքներին մասնակցել է 5 կին, որոնք տիրապետում են մակրամե գործվածքի տեխնիկային։

Պատրաստվող ձեռագործ ճոճացանցերը եզակի են՝ տարբերվում են միմյանցից զարդանախշերով, գույներով, դրանց համադրությամբ: Որոշներն աչքի են ընկնում ջերմ և վառ գույներով, մի մասն էլ ունի ավելի մեղմ ու նուրբ գույներով: Այդ բազմազանությունը նախատեսվել է տարբեր ճաշակ ու նախասիրություն ունեցող գնորդների համար: Արդեն ամբողջովին պատրաստ է 6 ճոճացանց, մյուս 4-ի պատրաստումը շարունակվում է, ավարտը նախատեսվում է օգոստոսի վերջին:

Կենտրոնում պատրաստվող ճոճացանցերի շուրջ արդեն կա հետաքրքրություն: Որոշ գնորդներ եկել ու դիտել են ճոճացանցերի պատրաստման ընթացքը և այժմ սպասում են դրանց ավարտին, որպեսզի ձեռք բերեն իրենց նախընտրած ճոճացանցը։ Վաճառքից գոյացած գումարն ուղղվելու է համայնքի 10 կնոջ համար մակրամեի հմտությունների, այդ թվում նաև ճոճացանցի պատրաստման ուսուցման, երկամսյա դասընթացների կազմակերպմանը: Ծրագրի շնորհիվ կանայք ձեռք կբերեն մասնագիտական աշխատանքային փորձ, նոր հմտություններ, որոնք էլ հիմք կդառնան համապատասխան աշխատանք գտնելու գործում։

«Ճոճացանցերի պատրաստում Աշտարակում» ծրագիրը ֆինանսավորվում է Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի «Սոցիալական Ձեռներեցության կրթական ծրագիր» ծրագրի շրջանակներում՝ Հաց Աշխարհին (Brot für die Welt) կազմակերպության աջակցությամբ:
{gallery}Images/2020/08.August/Ashtarak_gamak{/gallery}


