Կլոր սեղան հիմնադրամը հյուրընկալել էր «Աջակցություն պատերազմից տուժած ընտանիքներին» ծրագրի մասնակիցներին
ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան (ԵՀԽ ՀԿՍ) հիմնադրամը հրավիրել էր Արարատի մարզի պատրերազմից տուժած այն ընտանիքներին, որոնց բիզնես նախաձեռնություններին աջակցություն էր տրամադրել «Աջակցություն պատերազմից տուժած ընտանիքներին» ծրագրի շրջանակում:

Կլոր սեղան հիմնադրամում հյուրընկալվելուց առաջ ընտանիքներին ընդունել էր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ սրտակցություն հայտնելով որդեկորույս ընտանիքներին և իր խոնարհումը բերելով քաջարի նահատակներին, ովքեր հանուն հայրենիքի գոյատևման ընծայաբերեցին ամենաթանկը՝ իրենց կյանքը։

ՀԿՍ գրասենյակում ընտանիքները ծանոթացան Հիմնադրամի անձնակազմի հետ, փոքրիկ զրույց ունեցան Մայր Աթոռ Սուրբ Էջմիաշնի սոցիալական ծառայության ղեկավար Տ. Մարկոս քահանա Մանգասարյանի հետ և միմյանց հետ փոխանակեցին ծրագրում գրանցած հաջողությունները:

Արարատի համայնքապետարանը, ի դեմս համայնքապետ Ասլան Ավետիսյանի, փոխանցել էր շնորհակալագրեր ՀԿՍ անձնակազմին՝ անձուրաց աշխատանքի և արգասաբեր համագործակցության համար:

Ընտանիքները անչափ կարևորեցին հանդիպումը, որը հնարավորություն տվեց իրար ճանաչելու, կենդանի շփվելու և առօրյա հոգսերից մի պահ կտրվելու:

«Աջակցություն պատերազմից տուժած ընտանիքներին» ծրագիրը նախատեսվում է իրականացնել ինչպես Արարատի, այնպես էլ Գեղարքունիքի ու Սյունիքի մարզերում, որի շրջանակներում աջակցություն կտրամադրվի 50 ընտանիքների։

Ծրագիրն իրականացել է Ուղղափառ Եկեղեցիների միջազգային բարեգործական կազմակերպության (IOCC) աջակցությամբ:
{gallery}Images/2023/06_June/23-06-23_ART-IOCC-proj{/gallery}





