Մասնագիտական դասընթացներ Գեղարքունիքում հաստատված արցախցիների համար
ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի ծրագրերի պատասխանատուներ Կարինե Բաղդասարյանը և Էդնա Տեր-Վարդանյանը մեկնեցին Վարդենիս, որտեղ տրվեց «Լեռնային Ղարաբաղից Հայաստան բռնի տեղահանվածների ներհոսք», «Աջակցություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին» և AIWA կազմակերպության ֆինանսավորած EmpowerPath ծրագրերի մեկնարկը։ Ծրագրերի նպատակն է Գեղարքունիքի մարզի երիտասարդներին և կանանց տալ մասնագիտական գիտելիք և համապատասխան գործիքներ՝ սկսելու իրենց աշխատանքային գործունեությունը: Ծրագրի նպատակն է մասնակիցների տնտեսական և սոցիալական վիճակի բարելավումը։
22 տեղացի և Արցախից բռնի տեղահանված երիտասարդ և կին սկսեց դասընթացները Վարդենիսի «Լյուսինկա» կրթական կենտրոնում: Նրանք կսովորեն հրուշակագործություն, կար ու ձև, կոսմետոլոգիա, խոհարարություն, վարսահարդարում և այլն։
Կլոր սեղանի ծրագրերի պատասխանատու Կարինե Բաղդասարյանը և «Լյուսինկա» կրթական կենտրոնի տնօրեն Ստելլա Բարսեղյանը ծանոթացրեցին դասընթացների մասնակցության պահանջներին, կենտրոնի կարգուկանոնին, ապա շրջայցի ընթացքում ծանոթացան առաջիկա մի քանի ամիսների իրենց աշխատասենյակներին։

