Դիակոնիկ ծրագրային աշխատանքի ուսուցում Ծաղկաձորում
2013թ. մարտի 12-13-ին Վորլդ Վիժն Հայաստանը կազմակերպել էր դիակոնիկ աշխատանքին նվիրված ուսուցում: Ուսուցմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու տարբեր թեմերից քահանաները և նրանց օգնականները: Մարտի 12-ին` ուսուցումը նվիրված էր դիակոնիկ ծրագրային աշխատանքին: Ուսուցման այս մասն անցկացնելու համար հրավիրվել էր ՀԿՍ մշտադիտարկման և գնահատման պատասխանատու Ղարիբ Հարությունյանը: Ուսուցանողի առաջադրանքը բավական դժվար էր. մեկ օրում մասնակիցներին տրամադրել առավելագույն գիտելիքներ ու հմտություններ ծրագրային աշխատանքի վերաբերյալ: Այս նպատակով նախապես մշակված ծրագրի համաձայն` ուսուցանողի կողմից մասնակիցներին ներկայացվեց ծրագրի կառավարման կենսացիկլի փուլերը և անդրադարձ կատարվեց այդ փուլերի մի քանի բաղադրիչներին: Մասնավորապես, ներկայացվեցին ծրագրի գաղափարի զարգացման մեթոդներն ու գործիքները, խնդիրների և լուծումների ծառի վերլուծության մեթոդը, որը կիրառվեց խմբային աշխատանքի կազմակերպման միջոցով: Ուսուցանողը մասնակիցներին մանրամասնորեն ծանոթացրեց տրամաբանական կառուցվածքի մոտեցմանը` որպես ծրագրի պլանավորման, մշտադիտարկման և գնահատման գործիք: Առանձնահատուկ ներկայացվեց նաև ռիսկերի վերլուծության և կառավարման հատվածը: Մասնակիցներին ներկայացվեց ծրագրի մասնակցային կառավարման հիմունքները` հիմքում ունենալով շահագրգիռ կողմերի վերլուծության իրականացումն ու դրա արդյունքների կիրառումը: Ուսուցման ընթացքում ուսուցանողը ներկայացնում էր օրինակներ ու փորձառություն դիակոնիկ համայնքային ծրագրերի առումով:
Ուսուցումն անցկացվեց ոչ ֆորմալ կրթության մեթոդների` Powerpoint ներկայացումների, խմբային աշխատանք-քննարկումների, դերային խաղի, փոքրիկ ֆիլմի դիտման միջոցով:

