ԱրևելյանԵվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված չորրորդ համաժողով
2014թ.-ը մայիսի 12-13-ին, Մոսկվայում տեղի ունեցավ ԱրևելյանԵվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված չորրորդ համաժողովը, որը կազմակերպվել էր Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող դաշնային ծառայությունը (Ռոսպոտրեբնադզոր) և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագիրը:
Համաժողովին մասնակցում էին ներկայացուցիչներ ավելի քան 40 երկրներից: Պլենար նիստերի ու տարբեր դահլիճներում համաժամանակյա ընթացող քննարկումների ժամանակ ներկայացվեցին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հետ կապված վերջին տարիների գիտական հետազոտությունների առաջընթացը, վարակի հետ կապված սոցիալական խնդիրները ու ծրագրերը, հատկապես շեշտադրվեցին տարածաշրջանային առանձնահատկությունները` պայմանավորված երկրների սոցիալ-տնտեսական համատեքստով, և համագործակցության կարևորությունը` ներդրված ջանքերի լավագույն արդյունավետության համար:
Առանձին քննարկում հատկացված էր կրոնական կազմակերպությունների գործունեությանը, որի ընթացքում զեկուցողները ներկացրեցին իրենց փորձառությունը, մարտահրավերները և ծրագրերում կիրառվող նորարական մոտեցումներ: Կլոր Սեղանի ներկայացուցիչը զեկուցեց հիմնադրամի լավագույն փորձի մասին` ներկայացնելով ՄԻԱՎ-վարակի կանխարգելման, խարանի և խտրականության վերացման, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց ու նրանց ընտանիքներին տրամադրվող բազմակողմանի` հոգևոր-հոգեբանական, սոցիալական և հումանիտար, աջակցության վերաբերյալ, որ հիմնադրամը իրականացնում է Երևանում և մարզերում` հոգևորականների ակտիվ ներգրավմամբ: