Ծրագրի կառավարման հիմունքներ դասընթաց

Ծրագրի կառավարման հիմունքներ դասընթաց

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀԿՍ-ն իրականացնում է ծրագրային աշխատանքի ուսուցման հերթական մի քանի մոդուլներով: 2014թ. մայիսի 26-30-ը կազմակերպվել էր ուսուցման առաջին մոդուլը` <<Մրցունակ ծրագիր-առաջարկի մշակում>> խորագրով:
Ինչպես նախատեսված էր, ուսուցման մասնակիցները, կիրառելով մոդուլից ստացված գիտելիքներն ու հմտությունները, մշակեցին ծրագիր-առաջարկներ ու ներկայացրեցին ՀԿՍ ֆինանսավորմանը: Ներկայացված 7 ծրագիր-առաջարկներից 3 անդամներից կազմված հանձնախմբի կողմից գնահատման չափանիշներին համապատասխան ընտրվեցին լավագույն 2-ը, որոնք ֆինանսավորվեցին ՀԿՍ կողմից:


        
Նախքան ծրագրերի իրականացումը սկսելը, մասնակիցներին անհրաժեշտ էր ունենալ որոշակի գիտելիքներ ու հմտություններ ծրագրի կառավարման վերաբերյալ: Այս նպատակով կազմակերպվեց <<Ծրագրային աշխատանքի հմտությունների զարգացում>>  ուսուցման  երկրորդ մոդուլը` <<Ծրագրի կառավարման հիմունքներ>> խորագրով, որն անցկացրեցին ՀԿՍ մշտադիտարկման և գնահատման պատասխանատու Ղարիբ Հարությունյանը, ծրագրային պատասխանատու Ծովինար Ղազարյանը: Դասընթացը տեղի ունեցավ սույն թվականի հուլիսի 8-10-ը ՀԿՍ դահլիճում:


       
 Ուսուցման 3 օրերի ընթացքում դասավանդողների կողմից մասնակիցներին փոխանցվեցին գիտելիքներ ու հմտություններ ծրագրի կառավարման կենսացիկլի յուրաքանչյուր փուլի վերաբերյալ: Մասնավորապես, ներկայացվեցին կառավարմանը խոչընդոտող և նպաստող գործոնները, ծրագրի ղեկավարի անհրաժեշտ հմտությունները, ծրագրի բազային /նախնական/ իրավիճակի գնահատման էությունը, կարևորությունը և իրականացման մեթոդները, շահագրգիռ կողմերի վերլուծությունը` որպես ծրագրի կառավարման գործիք: Ուսուցանողների կողմից մասնակիցներին մանրամասնորեն ներկայացվեց նաև ծրագրի մասնակցային վերահսկման/մոնիթորինգի և գնահատման, ծրագրերի փաստաթղթավորման, պատմողական հաշվետվությունների կազմման, մշտադիտարկման պլանների մշակման, ներկայացման, բյուջեի կառավարման  և այլ հարցեր:  Որպես ծրագրերի օրինակներ դիտարկվում էին ընտրված 2 ծրագիր-առաջարկները, որոնց մեկնարկը կտրվի ս.թ. օգոստոսի 1-ից: