Գիտաժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Առողջապահություն և Հայ Առաքելական Եկեղեցի խորագրով

Գիտաժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Առողջապահություն և Հայ Առաքելական Եկեղեցի խորագրով

Մայր Աթոռի հայեցակարգային հարցերի գրասենյակը Եկեղեցու սոցիալական հայեցակարգը մշակելու գործընթացում նախաձեռնել է քննարկումների շարք՝ հրավիրելով հասարակական կյանքի տարբեր ոլորտների վերաբերյալ տվյալ ոլորտի մասնագետների ներդրումը հայեցակարգի ձևավորման մեջ: Այս շրջանակներում, սույն թվականի մայիսի 12-13-ին տեղի ունեցավ համաժողով նվիրված գիտության, կրթության և մշակույթի արդի թեմաներին և մարտահրավերներին, իսկ սեպտեմբերի 12-ին իրականացված համաժողովին քննարկվեց ընտանիք և եկեղեցի թեման՝ հատկապես անդրադառնալով ընտանիքի պլանավորման ու հղիության՝ սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների խնդրին: 

Սեպտեմբերի 29-ին և 30-ին հրավիրվեց երկօրյա գիտաժողով՝ առողջապահության ոլորտի վերաբերյալ: Գիտաժողովին մասնակցում էին ՀԱԵ հոգևորական առաջնորդներ, ՀՀ Առողջապահության նախարարության ներկայացուցիչներ, բժիշկներ և ոլորտի այլ մասնագետներ, ներկայացուցիչներ առողջապահության հարցերով զբաղվող հասարակական և միջազգային կառույցներից: Գիտաժողովը բաղկացած էր հետևյալ մասերից` «ՀՀ առողջապահական համակարգի զարգացման ռազմավարությունը», «ՀՀ առողջապահական համակարգը», «Մայրերի, երեխաների և դեռահասների առողջության պահպանում», «Հանրային առողջության հիմնախնդիրները Հայաստանում», «Առողջապահության ֆինանսավորում», «Առողջապահական ծառայությունների որակ և մատչելիություն», «Հոգեկան առողջություն և հաշմանդամություն» և «Բիոէթիկա, աստվածաբանություն»: 

Գիտաժողովի երկու օրերի ընթացքում մասնակիցներին ներկայացվեց 20 զեկույց՝ առողջապահության որակի, մատչելիության, բարձրագույն բժշկական կրթության, հոգեկան առողջության ոլորտի բարեփոխումների, դեղերի շրջանառության և որակի, վերարտադրողական առողջության խնդիրների, ինչպես նաև առողջապահական ոլորտում կենսաբարոյագիտության հարցերին: Գիտաժողովի իրականացմանը աջակցեցին ԵՀԽ Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամը և ՄԱԲՀ (UNFPA) հայաստանյան գրասենյակը, Ջինիշյան հիշատակի hիմնադրամը և Վորլդ վիժըն կազմակերպությունը: