Երևանում է անցնում «Եկեղեցիների համատեղ գործողություն» դաշինքի Կառավարման խորհրդի տարեկան ժողովը

Երևանում է անցնում «Եկեղեցիների համատեղ գործողություն» դաշինքի Կառավարման խորհրդի տարեկան ժողովը

Այս օրերին Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն դոկտոր Կարեն Նազարյանը մասնակցում է Երևանում տեղի ունեցող «Եկեղեցիների համատեղ գործողություն» դաշինքի (ACT Alliance) Կառավարման խորհրդի տարեկան ժողովին: Հիմնադրամն արդեն երկար տարիներ համագործակցում է ACT Alliance-ի հետ, Դաշինքի և Կառավարման խորհրդի անդամ է: Կլոր սեղանը նաև Հայաստանում ACT Alliance-ի ֆորումի կազմակերպիչներից է ԱՄՆ Միավորված մեթոդիստների օգնության Կոմիտեի հայկական մասնաճյուղի (ԱՄՔՈՐ) և «Հայաստանյան էկումենիկ եկեղեցական փոխատվական ֆոնդ» հիմնադրամի (ԷԿԼOՖ) հետ միասին: Ֆորումը կարևոր հարթակ է Հայաստանում էկումենիկ գործընկերների աշխատանքի համակարգման և համագործակցության զարգացման համար:  

Ժողովի աշխատանքը կավարտվի մայիսի 13-ին: Այս ընթացքում կքննարկվեն Դաշինքի կառավարման հետ կապված մի շարք հարցեր՝ ուղղված ACT Alliance-ի առավել արդյունավետ և կայուն աշխատանքի կազմակերպմանը. այդ թվում՝ Դաշինքի անդամության և ազգային, տարածաշրջանային և գլոբալ ֆորումների գործունեությունը կարգավորող քաղաքականության վերանայման վերաբերյալ: 

Մայիսի 12-ին Կառավարման խորհրդի անդամներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ նրանց ընդունեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին ԲԾայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունը բարձր գնահատեց «Եկեղեցիների համատեղ գործողություն» դաշինքի ստանձնած առաքելությունը և նրա օգտաշատ գործունեությունը: Ավելի ուշ դոկտոր Կարեն Նազարյանը Կառավարման խորհրդի անդամներին հրավիրեց Հիմնադրամի աշխատանքային տարածք՝ ծանոթանալու Կլոր սեղանի աշխատակազմի հետ:

ACT Alliance-ը 140 եկեղեցիների և հավատքահեն կազմակերպությունների միություն է, որոնք միասին աշխատում են ավելի քան 100 երկրներում: Դաշինքի գլխավոր գրասենյակը տեղակայված է Շվեյցարիայի Ժնև քաղաքում: ACT Alliance-ի գործունեությունն ուղղված է աղքատ և մեկուսացված մարդկանց կյանքում դրական և կայուն փոփոխության առաջացմանը՝ հումանիտար և զարգացման աշխատանքի ու շահերի պաշտպանության միջոցով:

2016 թվականի ապրիլի սկզբին ACT Alliance-ն առաջին կազմակերպություններից էր, որն արագ արձագանքեց Լեռնային Ղարաբաղում զինադադարի լայնածավալ խախտումներից տուժած խաղաղ բնակչության խնդիրների լուծմանը: «Եկեղեցիների համատեղ գործողություն» դաշինքի հայաստանյան ֆորումի նախաձեռնությամբ և Դաշինքի ֆինանսական աջակցությամբ հակամարտությունից տուժած շրջանների մոտ 800 ներքին տեղակայված անձինք արդեն ստացել են սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ: Oգնության բաշխումը շարունակվում է:

Հանդիպման մասին պատմող ռեպորտաժը` Շողակաթ հեռուստաընկերության կողմից.