Տղամարդկանց միջազգային օրը՝ Աշտարակում
Ամեն տարի աշխարհի ավելի քան 80 երկրներում նոյեմբերի 19-ը նշվում է, որպես Տղամարդկանց միջազգային օր: Այն առաջին անգամ պաշտոնապես նշվել է 1999 թվականին Տրինիդադի և Տոբագոյի Հանրապետությունում` նպատակ ունենալով աջակցելու տղամարդու դրական կերպարի ստեղծմանը՝ որպես անհատ, ամուսին, հայր և ջատագովելու տղամարդու հավասարաչափ ներգրավվածությունն ընտանիքում։
Այս տարի Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը «Զանգակատուն» ԲՀԿ-ի հետ համատեղ՝ ՄԱԿ–ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի շրջանակներում, նախաձեռնեց հանրային միջոցառում, որի նպատակն էր Աշտարակ համայնքում տոնել Տղամարդկանց միջազգային օրը՝ մասնակից դարձնելով համայնքի ընտանիքներին։
Միջոցառումն իրականացավ հիմնականում խաղային աշխույժ մթնոլորտում։ Կենտրոնի տնօրեն Կարինե Գրիգորյանի ղեկավարությամբ կայացավ «Տղամարդկանց դերը մեր կյանքում» խորագրով շարադրությունների մրցույթի ամփոփումը և մրցանակների հանձնումը․ շարադրության թեման ներկայացվել էր համայնքի 13-17 տարեկան երիտասարդներին, ովքեր կարող էին ներկայացնել ցանկացած արձակ գործ, այդ թվում՝ պատմվածք, հեքիաթ, պատում և այլն։ Ստեղծագործության հերոսները պետք է լինեին տղամարդիկ, այդ թվում հայրը, եղբայրը, բարեկամը, ընկերը և կամ ուղղակի որևէ հայտնի մարդ և այլն։
Այսպիսով, ընթերցվեցին հատվածներ արձակ ստեղծագործություններից և ապա մեկնարկեց միջոցառման խաղային հատվածը` ներկա ծնողների և երեխաների մասնակցությամբ:
Կազմակերպված սպորտային և ինտելեկտուալ այդ խաղերի հիմնական նպատակն էր ընտանիքի անդամների միջև համագործակցության, ճանաչելության, միասնական ուժերով փորձությունների հաղթահարման մակարդակի բարձրացումն ու կապերի ամրապնդումը:
Օրն ամփոփվեց ջերմ մթնոլորտում` միջոցառման մասնակիցների համար պատրաստված նվերների բաշխմամբ և հյուրասիրությամբ:
—
Միջոցառումն իրականացվեց՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում` Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի հետ համագործակցությամբ։
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության կամ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տեսակետները։















































































