Ցուցահանդես և ամփոփում` Կլոր սեղան հիմնադրամի տոնական միջոցառման ժամանակ
Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Հայաստանյան կլոր սեղան (ՀԿՍ) հիմնադրամը հրավիրել էր գործընկերներին` նախատոնական միջոցառման ընթացքում ամփոփելու համար անցնող տարին: ՀԿՍ գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը ներկայացրեց բարեգործական ծրագրերի դինամիկան և պատասխանեց հարցերին:
Ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցու հովիվ Տ. Կյուրեղ քահանա Տալյանը Սուրբ Ծննդյան քարոզի ընթացքում անդրադարձավ քրիստոնեության ժամանակակից մարտահրավերներին և բարեգործություն անելու կարևորությանը:
«Սուրբ Նշան» կրթամշակութային կենտրոնի երգչախումբը կատարեց Նուբար-Նուբար և Լուռ գիշեր երգերը: Հանդիպումն ավարտվեց Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի` Պահպանիչ աղոթքով և ամանորյա բարեմաղթանքով:
ՀԿՍ նախատոնական միջոցառմանը մասնակցում էին Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը, ներկայացուցիչներ ԵՄ պատվիրակությունից, ԱՄՆ դեսպանատնից, գործընկեր կազմակերպություններից:
Միջոցառման երկրորդ մասում հյուրերը ճաշակեցին ՀԿՍ օժանդակությամբ հիմնադրված սոցիալական ձեռներեցության կենտրոնների և սիրիահայ շահառուների պատրաստած համեղ սնունդը: Գայի, Քարակերրտի, Գավառի, Վարդենիսի, Ճամբարակի, Գուգարաց թեմի, Աշտարակի և Տավուշի թեմի սոցիալական կենտրոնների և սոցիալական ձեռներեցության կենտրոնների ձեռքի աշխատանքի նմուշների ցուցադրություն-վաճառքի ընթացքում հանդիպման մասնակիցները կատարեցին գնումներ` այդպիսով նպաստելով մեր գործընկերների զարգացմանը:


