«Մանանա»ներկայացումը` սիրիահայերի մասին, սիրիահայերի մասնակցությամբ:
2017թ. փետրվարի 26-ին` Հ. Պարոնյանի անվան Երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի Փոքր բեմում, «Թատրոն 8»-ը` ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի և Կանադայի տեղական նախաձեռնությունների հիմնադրամի աջակցությամբ, ներկայացրեց «Մանանա» թատերական պատումը:
Գարոն և Հովակը Սիրայի աղետից մազապուրծ եղած եղբայրներ են: Նրանք անասելի դժվարությամբ են փրկվել և պատրաստվում են հեռանալ պատերազմական Սիրիայից: Ի՞նչ անել, ու՞ր գնալ կյանքը շարունակելու համար: Ներկան անորոշ է, սակայն եղբայրները հույս ունեն ստեղծել լավ ապագա: Ճանապարհը նրանց բերում է Հայաստան: Սիրիահայ եղբայրների հոգեվիճակը հակասական է. Հովակը ձգտում է մանանայի ետևից գնալ արտասահման, Գարոն ավելի լավատես է Հայաստանում վերսկսած կյանքի հանդեպ:
Երևանում ակումբ բացելուց հետո եղբայրները ծանոթանում են տեղացի երկու աղջկա հետ: Նարեն երիտասարդ, եռանդուն, կազմակերպչական մեծ ջիղով օժտված աղջիկ է: Իսկ Էնին հուսահատ է երկրում տիրող անարդարություններից, որոնք նաև իրեն անձամբ են ցավեցրել, նա մտածում է հեռանալու մասին:
Ժամանակի ընթացքում Հովակի և Էնիի ճանապարհները խաչվում են և զգացմունքներն ու երկրից հեռանալու ցանկությունն ի վերջո նրանց տանում է Փարիզ` մանանայի ետևից: Գարոն հուսահատության մեջ է. եղբայրը հեռացավ Ֆրանսիա, ծնողները գնացին Կանադա` քրոջ մոտ: Թևաթափ եղած` նա որոշում է վերսկսել կիթառ նվագելը և այդպես վաստակել` թողնելով ակումբը: Նարեն օգնում է նրան նոր աշխատանք գտնել:
Մեծ եռանդով ստեղծված ակումբում թողնելով իրենց սիրտը` Գարոն և Հովակը պարբերաբար վերադառնում են այնտեղ: Գարոն` ֆիզիկապես, Հովակը` մտովի: Ի վերջո մանանայի փնտրտուք արդյունք չի տալիս:: Էնիի հորդորով Հովակը վերադառնում է: «Այնտեղ մանանա չէին բաժանում»,- ասում է նա եղբորը:
Ներկայացմանը խաղում են ինչպես երևանաբնակ, այնպես էլ հրավիրված երկու սիրիահայ դերասաններ: Ներկայացումը փորձ է նաև աջակցելու նրանց ինտեգրման գործընթացին և ստեղծելու երկխոսություն հայրենադարձ սիրիահայերի և հայաստանաբնակ հայերի միջև: Ներկայացմանը ներկա սիրիահայերի մեծ մասը նշեց, որ այն հիանալի կերպով արտացոլել է իրենց զգացմունքները և ապրումները ու ևս մեկ անգամ համոզել, որ Հայաստանում ապագա ստեղծել ավելի ամուր հիմքերի վրա կլինի:
Բեմադրող ռեժիսոր` Կարապետ Բալյան:
Դերերում` Հովակ` Մոսես Սարգիսեան (Սիրիա-Հայաստան), Գարո` Պերճ Ճելլատեան (Սիրիա-Հայաստան), Էնի` Մարիանա Եղիազարյան, Նարե`Ժաննա Հովակիմյան, Համակարգի աշխատող` Մակար Գալստյան:
«Մանանան» ներկայացվել է նաև Գյումրիի, Վանաձորի և Էջմիածնի հանդիսատեսին:
Ներկայացման առաջիկա ամսաթվերի մասին «Թատրոն 8»-ը և ԵՀԽ Հայաստանյան կլոր սեղանը կտեղեկացնեն հավելյալ:
{gallery}Images/2017/February/Manana{/gallery}




