Վանաձորում երիտասարդները ստեղծեցին խաղաղության պատ

Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում «Սովորելով խաղաղություն. Խաղաղության ակումբ» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ նախատեսված հինգ հանդիպում-քննարկումներից մեկը: Ծրագիրն իրականացնում է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական հասարակական կազմակերպությունը՝ ՀԿՍ-ի ֆինանսական աջակցությամբ:
Հանդիպմանը մասնակցում էր մոտ 30 երիտասարդ: Ծրագրի նպատակն էր բարձրացնել վանաձորցի երիտասարդների իրազեկվածության մակարդակը և փոխանցել նրանց գիտելիքներ կոնֆլիկտների տեսակների, կոնֆլիկտների կարգավորման կարևորության, կոնֆլիկտների պատճառով առաջացած հետևանքների, այդ գործընթացներում տարբեր կառույցների դերի և այլ հարակից թեմաների վերաբերյալ:
Հանդիպմանը մասնակցում էին «Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքական վերլուծաբան, ՀԿՍ խաղաղության ծրագրի խորհրդատու Արամ Սաֆարյանը, ՀԿՍ ծրագրի պատասխանատու Ծովինար Ղազարյանը և Սլավոնական համալսարանում իրականացվող «Կոնֆլիկտի ձևափոխումը և լուծումը բանակցությունների միջոցով» դասընթացի շրջանավարտ Հարություն Կարապետյանը:
Սաֆարյանը խոսեց «Քաղաքական փնտրտուքներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ (պատմություն, իրականություն և ապագա)» թեմայով: Քննարկվեցին նաև տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները և Ղարաբաղի հակամարտության ազդեցությունը ողջ տարածաշրջանի վրա: Հարություն Կարապետյանը մասնակիցների հետ քննարկեց փափուկ ուժի հասկացությունը և փոքր պետությունների հնարավորությունները փափուկ ուժի շնորհիվ:
Թեմաների ամփոփման փուլի ավարտից հետո երիտասարդ ակտիվիստներն ուղղեցին իրենց կուտակված հարցերը թեմաների վերաբերյալ և համատեղ քննարկեցին դրանք:
Քննարկումների ավարտին «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ի ջանքերով Վանաձորի քաղաքի Նարեկացի փողոցում՝ հայ-վրացական միջպետական ճանապարհին, երիտասարդները ստեղծեցին «Խաղաղության պատ», որի վրա գրեցին խաղաղության թեմայով թևավոր խոսքեր:


