ACT Alliance-ը կոչ է անում անհապաղ վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը Լեռնային Ղարաբաղում և հավատարիմ մնալ մարդասիրական սկզբունքներին

ACT Alliance-ը կոչ է անում անհապաղ վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը Լեռնային Ղարաբաղում և հավատարիմ մնալ մարդասիրական սկզբունքներին

«Լեռնային Ղարաբաղում (Արցախում) աճող հումանիտար ճգնաժամի պայմաններում եկեղեցիների համատեղ գործողությունների դաշինքը (ACT Alliance) խոր մտահոգություն է հայտնում Ադրբեջանի իշխանությունների կողմից Լաչինի միջանցքը փակելու համար, որը Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհն է, ինչն արագացնում է հումանիտար ճգնաժամը»,- նշված է միջազգային միջեկեղեցական կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ:

Դաշինքը շեշտել է, որ վերջին յոթ ամիսների ընթացքում շրջափակումը լրջորեն ազդել է տարածաշրջանի, հատկապես առավել խոցելի խավերի կյանքի վրա: «Լեռնային Ղարաբաղում բնակվող մոտ 120000 էթնիկ հայեր, այդ թվում՝ 30.000 երեխաներ, տառապում են սննդի, դեղորայքի և վառելիքի խիստ պակասից: Բացի այդ, այս ճգնաժամն ազդում է նրանց համար բժշկական օգնության և կյանք փրկող ծառայություններից օգտվելու հասանելիության վրա:

Փետրվարի 25-ին Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով։

«ACT Alliance-ն անհանգստացած է Ադրբեջանի կողմից իր էթիկական պարտավորությունների և մարդասիրական սկզբունքների խախտմամբ և կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը վերջ տալ մարդկային տառապանքներին՝ հատկապես ուշադրություն դարձնելով առավել խոցելի խավերին: Մարդասիրական օգնության արգելափակումը չպետք է օգտագործվի որպես հակամարտության կամ այլ վեճերի լուծման ռազմավարություն։

ACT Alliance-ը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը և թույլատրել խաղաղ բնակիչների և ապրանքների անխոչընդոտ և անվտանգ անցումը միջանցքով, ինչպես նաև երաշխավորել մարդասիրական անխոչընդոտ մուտքը՝ միջազգային իրավունքին և Արդարադատության միջազգային դատարանի կարգադրությանը համապատասխան:

ACT Alliance-ը նաև կոչ է անում միջազգային հանրությանը շտապ աշխատանք տանել շրջափակումը դադարեցնելու և տարածաշրջանում արդար խաղաղություն հաստատելու դիվանագիտական լուծումներ գտնելու ուղղությամբ»,- նշված է ACT Alliance-ի գլխավոր քարտուղար Ռուդելմար Բուենո դե Ֆարիայի անունից տարածված հաղորդագրության մեջ: Հաղորդագրությունը տարածվել է: