Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ՝ Հայաստանում իրենց բազմամյա ավանդով և ազնիվ հեղինակությամբ հայտնի 8 հասարակական կազմակերպություն՝ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը, «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը, Հայաստանի մանուկներ հիմնադրամը, Զարգացման սկզբունքներ ՀԿ-ն, Հայ օգնության ֆոնդը, Վորլդ վիժն Հայաստանը, «Դասավանդի՛ր, Հայաստանը», Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը, նախաձեռնեցին եռամյա համատեղ ծրագիր՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքը վերականգնելու նպատակով: Ընդհանուր առմամբ՝ գյուղի զարգացման եռամյա ծրագրի ընթացքում կազմակերպությունները ներդրել են 79 միլիոն դրամ:


2014թ.-ից ի վեր, համատեղ ծրագրի շրջանակներում կազմակերպությունների տրամադրած ռեսուրսներով բարեփոխումներ են իրականացվել Մարտունի գյուղի սոցիալական, տնտեսական, ենթակառուցվածքային, մշակութային, կրթական, առողջապահական և բնապահպանական ոլորտներում:


Երկարատև քննարկումների և համատեղ աշխատանքի արդյունքում ընտրվեց մեկ խորհրդանշական գյուղ՝ Մարտունին, որը գտնվում է Գեղարքունիքի մարզում և հիմնվել է 1921 թ.: Համայնքի առաջին բնակիչները եղել են Մեծ եղեռնից փրկված՝ հիմնականում Վանից, Ալաշկերտից, Ղարսից և Սասունից գաղթածները:


2017 թ. նոյեմբերի 16-ին համագործակցության անդամ կազմակերպությունների ներկայացուցիչները և նրանց գործընկերներն ամփոփիչ այց կատարեցին Մարտունի:


Մամուլի ասուլիսի ընթացքում կազմակերպությունների ներկայացուցիչների նշեցին, որ նման հզոր կառույցների համագործակցության արդյունքում ներդրված ջանքերն ու ռեսուրսները բազմապատկող ազդեցություն են ունենում: Մարտունի գյուղի գյուղապետ Արթուր Ասատրյանը նշեց, որ կազմակերպությունների աջակցության շնորհիվ գյուղի բնակիչների մեջ արթնացավ հույսը, որ գյուղը կզարգանա, այնտեղ կստեղծվեն նոր արժեքներ:


Համայնքում իրականացված ծրագրերի դիտայցից հետո տեղի ունեցան համագործակցության ջանքերով վերանորոգված մանկապարտեզի, դպրոցի ճաշարանի և ատամնակայանի պաշտոնական բացման արարողությունները:


DSC 9014Աննախադեպ այս համագործակցությունը բաց է բոլոր այն կազմակերպությունների համար, որոնք նույնպես նպատակ ունեն կամ արդեն իսկ աշխատանք են տանում՝ ուժեղացնելու և զարգացնելու ինչպես Մարտունին, այնպես էլ Հայաստանի գյուղական այլ համայնքները։ 2017թ. -ից վերոհիշյալ համագործակցությանն է միացել նաև Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (AGBU):

Ծրագրի շրջանակներում վեց կազմակերպությունների կատարած ներդրումները՝ 

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցություն (AMAA)

Համայնքին գյուղտեխնիկայի տրամադրում (որի արժեքի 20%-ը տրամադրել է ԱՀԱԸ-ն, իսկ 80%-ը՝ ՀՀ Գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակը»)
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ուսուցչի ֆինանսավորում՝ համայնքի դպրոցում աշխատելու համար
Ատամնաբուժական ծառայություններ գյուղի բնակիչների և դպրոցի համար
Մանկապարտեզի սանհանգույցի նորոգման ֆինանսավորում՝ Հայաստանի մանուկներ հիմնադրամի հետ համատեղ
Ամանորի, Սուրբ Ծննդյան և երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումների կազմակերպում համայնքում՝ երեխաների համար խորհրդանշական նվերներով

DSC 9017Զարգացման Սկզբունքներ (DP)
13 ընտանիքի տրամադրվել են հղի կովեր: 2018 թվականին 13 կով փոխանցվելու են ևս 13 այլ ընտանիքի: Այս 3 տարվա ընթացքում շահառուները հնարավորություն են ստացել՝ ստեղծելու և զարգացնելու իրենց փոքր ֆերմերային տնտեսությունները: Մեկ ստացած կովի բուծման և խնամքի արդյունքում ընտանիքը ստանում է կաթ, մածուն, կարագ և այլն, բացի այդ 3 տարվա ընթացքում մեկ կենդանուց ընտանիքը ունենում է առնվազն 4 կենդանի՝ որից մեկը՝ երինջը, փոխանցվում է մեկ այլ ընտանիքի:
Զարգացման Սկզբունքներ ՀԿ-ն նաև տրամադրել է գյուղի դպրոցին գրքեր՝ տրամաբանության (երկհատոր) և բուժկետին՝ առողջ ապրելակերպի վերաբերյալ:
Հեյֆեր Հայաստանյան գրասենյակի միջոցով Զարգացման Սկզբունքներ ՀԿ-ն նաև աջակցել է գյուղին՝ ներգրավվելու CARMAC (ԳԾԻԳ) ազգային ծրագրի մեջ, որը ուղղված է հեռագնա արոտների կառավարման բարելավմանը:
Կազմակերպությունը տրամադրել է նաև անասնաբուժական դեղորայք ու պարագաներ, տեխնիկական աջակցություն և ուսուցում անասնապահության վերաբերյալ։

Հայաստանի մանուկներ հիմնադրամ (COAF)
Մարտունու բուժկետի նորոգում
Բնակչության առողջապահական զննումներ
Ատամնափուտի (կարիեսի) կանխարգելում
Մանկապարտեզի սանհանգույցի նորոգման ֆինանսավորում՝ ԱՀԱԸ-ի հետ համատեղ
Դպրոցի ճաշարանի վերանորոգում և ատամնակայանի հիմնում

Հայ օգնության ֆոնդ (FAR)
ՀՕՖ-ի կրթավճարային ծրագրերի շրջանակներում ԲՈՒՀ-ի համայնքաբնակ դիմորդներին և ուսանողներին ուսման վարձի վճարման աջակցություն
Համայնքի ծնողազուրկ երեխաներին հումանիտար օգնություն ցուցաբերում

Շեն (Shen)
Կոոպերատիվի նախաձեռնում, նրա կարողությունների հզորացում և գործունեության կայունացում
Համայնքի խմելու ջրի համակարգի կառուցում
Համայնքի կայքի ստեղծում
Կանանց և աղջիկների փոքր բիզնեսի խթանում ձեռագործության ոլորտում
Մանկապարտեզի հիմնում
Դպրոցին հարող տարածքների բարեկարգում և մարզահրապարակի վերականգնում

Վորլդ վիժն Հայաստան (WV)
Երիտասարդական ակումբի հիմնում ու նրանց միջոցով համայնքային զարգացման մինի-ծրագրերի իրականացում
Բանավեճի ակումբ 14 և բարձր տարիքի 15 երեխայի համար՝ Ջինիշյան հիշատակի հիմնադրամի հետ համատեղ
Ինժեներական ակումբի հիմնում՝ UITE հետ համատեղ
Դեղաբույսերի արժեշղթայի առաջշարժման նպատակով արտադրողների խմբի ստեղծում ու իրենց կողմից հավաքված ապրանքի իրացման աջակցություն
Մարտունու ԲՄԿ կարողությունների հզորացում՝ աջակցող այցերի ու դասընթացների միջոցով

Դասավանդի՛ր, Հայաստան (TFA)
ԴՀ-ի հատուկ վերապատրաստումն անցած ինֆորմատիկայի ուսուցչի կողմից Մարտունիում 2 տարի շարունակ ակտիվ աշխատանքներ են տարվել՝ ինչպես դպրոցական ծրագրի, այնպես էլ արտադպրոցական և համայնքային ծրագրերի մակարդակով: Արտադասարանային աշխատանքի շրջանակներում գործում են առաջնորդության, ծրագրավորման, անգլերենի սիրողական խմբակներ: Արդյունքում դպրոցում ձևավորվել է փոխհարաբերությունների նոր մշակույթ և դպրոցական կյանքը բավականին ակտիվացել է:

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամ (ՀԿՍ)
Մարտունու դպրոցի համակարգչային սենյակի վերազինում՝ համակարգչային նոր սարքավորումներով, ինտերնետ կապի և ցանցի ապահովմամբ: Դպրոցի և մանկապարտեզի խաղահրապարակի վերանորոգման համաֆինանսավորում՝ Շեն ՀԿ հետ համատեղ:

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-196
Ֆաքս` +374 10 517-436

FB ART page