Նորություններ

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Նոյեմբերի 9-13-ը, Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև վեցշաբաթյա զինված թեժ բախումներին վերջ տալու մասին համաձայնագրի հայտարարությունից հետո, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) հանձնաժողովը հեռակապով կազմակերպել է հանդիպում՝ Արցախի և Հայաստանի ժողովուրդների այս առանցքային և շատ ցավալի իրավիճակի առնչությամբ: Կոչ ենք արել դադարեցնել այս հակամարտության պատճառով տեղի ունեցած արյունահեղությունն ու ավերումը:

Միանում ենք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի աղոթքին՝ իմաստության, միասնության և հանգստության համար: Ցավում ենք մարդկային այն բոլոր սարսափելի կորուստների համար, որ տեղի են ունեցել ոչ միայն սեպտեմբերի 27-ից վերսկսված մարտերի հետևանքով, այլև տարածաշրջանում ինքնորոշման պայքարի ողջ պատմության ընթացքում` յուրաքանչյուր թանկագին կյանքի կորստի հետ ավելի խորը արմատավորելով թշնամանքը։

Մենք միասնական կանգնած ենք հայ համայնքների կողքին, որոնց սպառնում է իրենց ժողովրդի նկատմամբ ցեղասպանության վերսկսման վտանգը, մասնավորապես` հաշվի առնելով Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից արված աղմկահարույց հայտարարությունները՝ «ավարտին հասցնել այդ առաքելությունը, որը դարեր շարունակ կատարել են մեր պապերը Կովկասի տարածաշրջանում», և հաշվի առնելով Թուրքիայի դերը ներկայիս հակամարտությունում՝ ԵՀԽ-ն դատապարտում է ցանկացած այդպիսի ուղղակի կամ անուղղակի սպառնալիք, և բոլոր նրանց գործողությունները, ովքեր սադրել են հակամարտությունը և սրել բռնությունը` միջազգային արգելված զենք մատակարարելով, Սիրիայից և այլուր վարձկաններ և ջիհադիստներ ուղարկելով և փորձելով այն վերածել կրոնական բախման: ԵՀԽ-ն դատապարտում է քիմիական զենքի և կասետային զինամթերքի օգտագործումը, քաղաքացիական անձանց, հիվանդանոցների և հասարակական ենթակառուցվածքների թիրախավորումը, ինչպես նաև բոլոր մյուս ռազմական հանցագործությունները, գլխատումները, խոշտանգումները և այլ վայրագություններ, որոնց ականատես ենք եղել վերջին շաբաթներին:

Մեր կոչն է՝ հարգել Լեռնային Ղարաբաղի / Արցախի սրբազան վայրերը և մշակութային ժառանգությունը (չնայած այն հանգամանքին, որ հոկտեմբերի 8-ին Շուշիի Սուրբ Ղազանչեցոց տաճարի կրկնակի հրթիռակոծումը և այլ նոր վայրագությունների վերաբերյալ ստացված բազմաթիվ հաղորդագրությունները այլ իրականության մասին են վկայում): Հորդորում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին ձեռնարկել բոլոր հնարավոր և համապատասխան միջոցները այդ սրբավայրերը պաշտպանելու համար:

Մեր հրատապ կոչն է միջազգային հանրության բոլոր անդամներին՝ միանալու սուրբ վայրերի պաշտպանությանն ուղղված ջանքերին, բոլոր փախստականների և տեղահանված անձանց անվտանգ և արժանապատիվ վերադարձին, հայ ժողովրդին ցեղասպանության սպառնալիքից պաշտպանությանը, արդարության և մարդու իրավունքների վրա հիմնված տևական խաղաղության հաստատմանը Լեռնային Ղարաբաղի / Արցախի և տարածաշրջանի բնակիչների համար, և զերծ մնալ թշնամանք, հակամարտություն և անարդարություն սադրելուց կամ խրախուսելուց:

Մենք բարձրաձայնում ենք և հետամուտ ենք տարածաշրջանում եկեղեցիների գործելուն և աղոթում ենք, որ եկեղեցու առաջնորդները զինվեն ուժով և իմաստությամբ` իրենց ժողովրդին այս ճգնաժամից դուրս բերելու համար»:

Աղբյուրը՝ 1lurer.am

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

[spmap lat="40.1618907" lng="44.2898331" zoom="14" height="100" maptype="ROADMAP"]

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436