Նորություններ

Հունվարի 17-ին Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը հյուրընկալեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի պատվիրակությանը, որը գլխավորում էին Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը, այլ ներկայացուցիչներ: Հանդիպումը կազմակերպվել էր ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ և առաջարկով: 


Կարեն Նազարյանը հյուրերին ներկայացրեց Կլոր սեղան հիմնադրամի գործունեության ուղղությունները և հիմնական նպատակները: Նա Շոմբի Շարփին տեղեկացրեց, որ փետրվարին Կլոր սեղան հիմնադրամը կազմակերպելու է «Կայուն զարգացման նպատակները և եկեղեցին» վերնագրով համաժողով: Շոմբի Շարփը ողջունեց նման թեմայով միջոցառումը և ընդգծեց դրա անցկացման կարևորությունը:

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը 2010 թ.-ից սերտ համագործակցում է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ: Համագործակցության գլխավոր ուղղությունները ներառում են ընտանիքում բռնությունների կանխարգելումը, սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելումը, գենդերային հիմնահարցերը: 

4Այնուհետև հյուրերին ընդունեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Հանդիպմանը ներկա էր նաև Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն, ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: Կարեն Նազարյանը Նորին Սրբությանը ներկայացրեց պրն. Շարփի գլխավորած պատվիրակությանը՝ անդրադառնալով Մայր Աթոռի կառույցների և Կլոր Սեղան հիմնադրամի հետ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի համագործակցությանը և դրա հեռանկարներին: 

Ընդգծելով ՄԱԿ-ի գրասենյակի և Հայոց Եկեղեցու առաքելության ընդհանրությունը մի շարք ոլորտներում` պրն. Շոմբի Շարփը շնորհակալություն հայտնեց ՄԱԿ-ի գործակալությունների և եկեղեցական կառույցների միջև ձևավորված գործակցության առիթով` պատրաստակամություն հայտնելով էլ ավելի ընդարձակելու այն:

ՄԱԿ-ի մշտական համակարգողը փոխանցեց Վեհափառ Հայրապետին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարության երախտագիտությունը Հայոց Եկեղեցու` միջկրոնական երկխոսության մեջ հետևողական ներգրավվածության և տարածաշրջանում խաղաղության վերականգնմանն ի նպաստ ծրագրերի իրականացման կապակցությամբ: 

Այնուհետև ներկաներին իր օրհնությունը բերեց Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը` գնահատելով Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի լայնածավալ գործունեությանը: ՄԱԿ-ի մշտական համակարգողի և Վեհափառ Հայրապետի հանդիպման մանրամասները՝ այստեղ: 

 

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436

JoomShaper