Նորություններ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ` 2021 թ. «Օգնություն Արցախին» ծրագրի շրջանակում ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը նախաձեռնել է սոցիալ-հոգեբանական աջակցությանը նվիրված կարողությունների զարգացման ծրագիրը: Նպատակն է, որպեսզի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականները և սոցիալական աշխատողներն ավելի արհեստավարժ կարողանան ամոքել հոգևոր ու պատերազմի հոգետրավմաները և ավելի լայնածավալ ու արդյունավետ ծառայություն մատուցեն Արցախյան պատերազմից տուժած տեղաբնակ, տեղահանված և հատկապես զոհված, հաշմանդամ կամ գերեվարված զավակ ունեցող ընտանիքներին, ովքեր գտնվում են ծանր հոգեբանական վիճակում:


Դասընթացին մասնակցում են քահանաները և սոցիալական ոլորտի աշխատակիցները` Արարատյան Հայրապետական, Արմավիրի, Մասյացոտնի, Գեղարքունյաց, Շիրակի, Գուգարաց, Տավուշի, Արթիկի, Կոտայքի թեմերից, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ-ի գնդերեցները:


Մարտի 1-ին կայացավ դասընթացի առաջին հանդիպումը Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի հետ: Հանդիպման ընթացքում Սրբազան Հայրն իր պատգամը տվեց սոցիալ-հոգեբանական աջակցությանը նվիրված ծրագրի բոլոր ներկայացուցիչներին` հորդորելով քաջալերվել Աստծո լույսով և շարունակել իրենց ծավալած աշխատանքը Արցախյան պատերազմի հետևանքով տուժած անձանց հետ: Սրբազան Հայրը կարևորեց քահանաների կողմից կատարվելիք տնայցերը` շեշտադրելով այդ հանդիպումների կարևորությունը նույնիսկ խաղաղ և բարեկեցիկ պայմաններում, ինչպես նաև ընդգծեց ծայրահեղ անհրաժեշտությունն անհայտ կորածների, գերեվարվածների կամ զոհվածների ընտանիքների հետ հանդիպումներն ու անհատական զրույցները:


Քննարկվեց նաև Հայաստանում ստեղծված ներկայիս ծանր դրությամբ պայմանավորված այն հարցը, որ քահանաներն ու սոցիալական ոլորտի աշխատակիցներն աշխատանքի ընթացքում հաճախ հանդիպում են հուսալքված այնպիսի անձանց, ովքեր նույնիսկ մերժում են զրուցելու առաջարկը: Հաշվի առնելով նմանատիպ ծայրահեղ ծանր իրավիճակները, որոնք դժվարացնում են քահանաների կողմից տուժածներին աջակցելու համար նախաձեռնած քայլերը, Սրբազան Հայրը խրախուսեց զինվել անսպառ համբերությամբ և ոչ մի դեպքում չընդհատել համայնքի անդամներին ոտքի կանգնեցնելու և նոր կյանք վերադարձնելու համար ծավալված գործունեությունը` կարևորելով ինչպես որդեկորույս մայրերի, այնպես էլ, հատկապես, որդեկորույս հայրերի հետ իրականացվող աշխատանքը:

 

Հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան բարձրացնել իրենց գործունեության ընթացքում առաջացած խնդիրներին առնչվող հարցեր, ինչպես նաև ներկայացրեցին մի շարք խնդրահարույց իրավիճակներ` ստանալով Սրբազան Հոր խորհուրդն ու հորդորը:


Հանդիպման ավարտին Սրբազանը քաջալերեց քահանա հայրերին և սոցիալական ոլորտի աշխատողներին շարունակել իրենց հայրենանպաստ և անձնուրաց գործունեությունը:

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

[spmap lat="40.1618907" lng="44.2898331" zoom="14" height="100" maptype="ROADMAP"]

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436